«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել որպես Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնի նոր շենքի կառուցման հիմնական ներդրող:
Նոր շենքի բացումն արել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Շենքը թատերական մի շարք տարածքներ ունեցող 5 հազ. քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համալիր է: Սրահի գլխավոր առանձնահատկությունն է՝ բեմի տրանսֆորմացիայի հատուկ տեխնոլոգիան, որը չունի մոսկովյան որևէ մեկ այլ թատրոն: Հարդարման նպատակով օգտագործվել են թատրոնների համար ոչ սովորական նյութեր, ինչպիսիք են կերամոգրանիտը, չժանգոտող պողպատը, ապակին, փայտը և լուսադիոդային լուսավորությամբ տարածական դեկորները:
1997թ. Մոսկվայի կառավարությունը ընդունել էր թատրոնի նոր շենքի կառուցման մասին որոշում, սակայն շինարարությունը մեկնարկել էր միայն 2012 թ.: Աշխատանքները ֆինանսավորվել են համատեղ «Տաշիր» ընկերությունների խմբի և քաղաքային բյուջեի միջոցներով:
«Տաշիրի» ջանքերով ավարտվել է շենքի շինարարությունը, բարեկարգվել է հարակից տարածքը, ավարտվել են ճակատային մասի և տանիքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև մասնակի կատարվել է համալիրի տեխնիկական զինումը, նշվում է «Տաշիրի» տարածած հաղորդագրության մեջ: