Պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողները դրամական պարգևների արժանացան
Advertisement 1000 x 90

Պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողները դրամական պարգևների արժանացան

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթում այս տարի կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հաղթող ճանաչվեց Արինա Իսահակյանը, իսկ ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Անդրեյ Կուրբետը:

Ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արամ Խանլարին, իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երեք մասնակցի՝ Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև, վերջինս նաև ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Կրտսեր խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Մերի Առակյանը, իսկ երրորդը՝ Էրիկա Մարկոսյանը:

Այս տարի մրցութային փուլին իրավունք էին ստացել մասնակցելու 17 պատանի՝ բաժանվելով երկու խմբերի:

Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կյոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Ստեփան Շաքարյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը:

Մրցանակաբաշխությանը ներկա Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն իր խոսքում բարձր գնահատեց կայացած մրցույթն ու նշեց, որ մայրաքաղաքում նմանօրինակ միջոցառման կարիքը կա: Փոխքաղաքապետը պատանիներին հորդորեց շարունակել ստեղծագործել ու ձգտել նորանոր հաղթանակների:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր խոսքում նշեց, որ սա երաժշտական տոն է, որն արդեն բարի ավանդույթ է դարձել:

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մրցույթի անվանական արձանիկներով և պատվոգրերով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Երկու խմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները նույնպես արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած բոլոր ստեղծագործողները ստացան մասնակցության վկայականներ և գրքեր: