«Մատանիների տիրակալ», 5 ամենահաջողակ ոսկերիչներից մեկը, իր սերնդի ամենաօրիգինալ գաղափարներ ունեցող մարդկանցից մեկը․ այսպես են բնորոշում համաշխարհային ճանաչում ունեցող ոսկերիչ Սևան Բիչակչիին։
Հայկական արմատներ ունեցող Սևան Բիչակչին ծնվել է 1972 թվականին՝ Ստամբուլի հայկական թաղամասում։ 12 տարեկանում ընտրության երկու հնարավորություն ուներ․ դառնալ ավտոմեխանիկ կամ ոսկերիչ։ Ըստ նրա՝ ոսկերչությունն ընտրելն ինչ-որ չափով իր ազգանունն է հուշել․ Բիչակչի (թուրքերեն` Bıçakçı) նշանակում է՝ դարբին։ Նա դառնում է ծագումով հայ ոսկերիչ Հովսեփ Չատակի օգնականը։
Շնորհիվ Չատակի մոտ ձեռք բերած գիտելիքների՝ Սևանը 4 տարի անց բացում է սեփական արհեստանոցը, որտեղ աշխատում է բավական երկար ժամանակ։
Հենց այստեղ էլ նա կարողանում է իր շուրջը հավաքել մասնագետների այնպիսի մի խումբ, որոնց շնորհիվ 2012 թվականին տեղի ունեցավ զարդերի իր առաջին ցուցադրությունը։
Ներկայիս նրա խանութը գտնվում է Ստամբուլում՝ Grand Bazaar-ի մոտ, որտեղ աշխատում է 95 մասնագետներից բաղկացած մի թիմ, որոնց թվում են քանդակագործներ, նկարիչներ, ոսկերիչներ, արծաթագործներ։ Այստեղ արտադրվում է տարեկան 350 զարդ, ու յուրաքանչյուրի ստեղծման համար պահանջվում են ամիսներ։
Բիչակչիի զարդերը կրում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի դեմքեր, ինչպիսիք են՝ Սելին Դիոնը, Մըրայա Քերին, Էշլի Օլսենը, Քեթրին Զետա-Ջոնսը։
Աշխատանքները
«Իմ ստեղծածներն արտացոլում են իմ ներաշխարհը, նրանք իմ կյանքի, իմ ապրելակերպի արտացոլանքն են։ Ամեն մի զարդն իմ մի մասն է, ամեն մի զարդը հենց ես եմ»,- ասել է նա։
Նրա զարդերը բոլորի համար չեն, և նա մտադրություն չի էլ ունեցել բոլորին հասկանալի ու հասանելի դարձնել դրանք. «Մենք անում էինք մի բան, որը Թուրքիայում աննորմալ էր համարվում ու չէր ընդունվում շատերի կողմից»։
Ոճը
Նա ուզում էր ստեղծել այնպիսի մի ոճ, որը կկարողանար արտացոլել իր շրջապատի հոգին ամբողջությամբ․ այն, թե ինչպես է նա տեսնում աշխարհը և մարդկանց ու իրերն այդ աշխարհում։
«Ամեն ինչ իր պատմությունն ունի։ Իմ աշխատանքների միջոցով փորձում եմ պատմություն պատմել»,- ասում է նա։
Ներշնչանքի աղբյուրներ
«Ես այնքան շատ ոգեշնչման աղբյուրներ եմ ունեցել՝ հեքիաթներ, լեգենդներ ու նույնիսկ Հունական դիցաբանություն, Օսմանյան և Բյուզանդական Կայսրության մշակութային ու ճարտարապետական էլեմենտները»,- հարցազրույցներից մեկում ասել է նա։
Մրցանակներ
Իր ինքնատիպ արվեստի շնորհիվ Սևան Բիչակչին նաև մի շարք մրցանակներ է ստացել․ 3 անգամ՝ Town and Country Couture մրցանակ, Թուրքիայում` «Ոսկի Դիզայներ» մրցանակ:
Անի Թորոսյան