«Եթե չհաղթեմ, ապա լավագույն եռյակում կլինեմ». Սոնա Շահգելդյանը հաջորդ տարի «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկության մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե չհաղթեմ, ապա լավագույն եռյակում կլինեմ». Սոնա Շահգելդյանը հաջորդ տարի «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկության մասին. life.tert.am

«Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթն ավարտվեց։ Այս տարվա հաղթողը Պորտուգալիայի մասնակիցն էր`Սալվադոր Սոբրալը։ Երգիչը Amar Pelos Dois երգով հավաքեց ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության առավելագույն ձայները։

Եվրատեսիլյան անցուդարձի մասին Tert.am Life–ը զրուցեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։

–Սոնա, ի՞նչ կանխատեսում ունեիք, ո՞վ կլիներ այս տարվա հաղթողը։

-Ինձ համար առաջին կիսաեզրափակչից արդեն պարզ էր, որ Պորտուգալիան է հաղթելու։ Չնայած «Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է, բայց ամեն տարի ճիշտ գուշակում եմ հաղթողին։ Դե պարզ է, որ «Եվրատեսիլը» քաղաքականություն է, բայց չեմ կարծում, որ այս տարի Պորտուգալիայի հաղթանակը քաղաքականության հետ կապ ուներ։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր այս տարվա «Եվատեսիլը»։ Երգերը լավն էին, հասարակ ու կիրթ, իսկ շոուն հիանալի։ Ես միշտ հավանել ու հավանում եմ Ուկրաինայի շոուները։ Նրանք, պահպանելով իրենց ազգայինը, հետաքրքիր ձևով են ամեն ինչ մատուցում։

–Բացի Պորտուգալիայից, ո՞ր երկրների կատարումներն են Ձեզ դուր եկել։

-Շատ եմ հավանել Խորվաթիայի, Բուլղարիայի և Հունգարիայի կատարումները։ Ափսոսում եմ, որ Հունգարիան լավագույն 10–յակում չկար։

–Արծվիկի ելույթի մասին ի՞նչ կասեք։

-Արծվիկի կատարումը շատ եմ հավանել։ Նա շատ լավ է երգել։ Բայց կարծում եմ կատարումն այդքան էլ էական չէ։ Երգը պետք է շատ լավը լինի, հետո` կատարումը։

–Այսինքն «Fly with me» երգը մրցույթայի՞ն չէր։

-Չեմ կարող ասել, երգը վատն էր կամ վատը չէր։ Եթե ես մասնակցեի, ապա ուրիշ երգով հանդես կգայի։ Պետք է երգը լինի օրիգինալ, իմաստ ունեցող, բայց միևնույն ժամանակ հասարակ։

–Ո՞ր հորիզոնականում էիք տեսնում Արծվիկին։

-Չեմ մտածել այդ մասին։ Ինչ–որ կանխատեսում չեմ ունեցել, բայց կուզեի գոնե 10–յակում լինեինք, քանի որ իր կատարումը շատ լավն էր։

–Ցանկություն կա՞ հաջորդ տարի մասնակցելու «Եվրատեսիլին»։

–Կյանքում չեմ խնդրի, որ մասնակցեմ «Եվրատեսիլին»։ Եթե հարմար գտնեն, որ մասնակցեմ, ապա հաստատ շատ լավ կներկայացնեմ։ Ես մրցութային երգչուհի եմ։ Շատ եմ սիրում մասնակցել մրցույթների։ Դեռևս 12 տարեկանից, գրեթե, միշտ հաղթել եմ։ Եթե մասնակցեմ, ապա երգը ինքս կընտրեմ։ Ամեն ինչ պետք է լինի իմ սրտով։ Ոչ ոք չի կարող պարտադրել ինձ ինչ–որ բան անել։ Ես ինքս իմ ճաշակը կթելադրեմ։ Միգուցե այդպես լավ արդյունքի հասնենք։ Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար։ Եթե չհաղթեմ էլ, ապա լավագույն եռյակում կլինեմ։ Անկանխատեսելի մրցույթ է Եվրատեսիլը։

 



Նման նյութեր