ՀՀԿ-ի շտաբերից մեկը ղեկավարող Խոսրով Հարությունյանը չի դիտել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ գործադրված բռնությունների տեսանյութը, բայց գնահատական է տալիս. «Ինքը՝ Զարուհին, կարող է սադրել ցանկացած բան։ Ես խորապես համոզված եմ դրանում»։
Մաշտոցի պողոտայում տեղակայված շտաբը ղեկավարող Հարությունյանը պնդում է՝ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանն ու թիմակիցները իրենց նկատմամբ կոպիտ գործողությունների են դիմել. «Նա իր թիմակիցների հետ կանգնել էր այստեղ և թիմակիցների հետ ահաբեկչության էր ենթարկում ինձ։ Հարձակվել էին, գոռգռում էին, մեր համակիրների վրա փորձում էին ճնշումներ գործադրել, նույնիսկ վախեցնել։ Դա կարո՞ղ ենք գնահատել քաղաքական անբարո ճնշում, անշուշտ՝ այո»։
Խոսրով Հարությունյանը չի լսել նաև ՀՀԿ-ի կողմից գումարի բաժանման դեպքերի մասին։ Նրա պնդմամբ՝ իրենք դրա կարիքը չունեն. «Նույն ԵԼՔ դաշինքում որևէ մեկը չի կասկածում, որ Տարոն Մարգարյանը հաղթելու է: Ունենալ փող ծախսելու մոտիվացիա մի բանի համար, որում համոզված ես, անիմաստ է»։
Խոսրով Հարությունյանի գլխավորած շտաբը ընտրախախտումների մասին ահազանգեր չի ստացել։