Լրագրող, հրապարակախոս Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «1988-ի դեկտեմբերի 10-ից սկսած՝ Վրեժ Իսրայելյանը, Հրաչյա Թամրազյանն ու Ալֆրեդ Ներսիսյանն ամեն իրիկուն գալիս էին իմ վարձով տունն ու նստում-սպասում Վանո Սիրադեղյանի զանգին։ Դեկտեմբերի 7-ի «աշխարհի վերջից» հետո Գորբաչովը մտածեց, որ Ղարաբաղի հարցն էլ «լուծվեց»-պրծավ, ու դեկտեմբերի 10-ին մեր դարավոր բարեկամները ներխուժեցին Հայաստանի գրողների միության շենք ու ձերբակալեցին այդ պահին այնտեղ գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի հինգ անդամների։ Մնացածները թաքնվեցին։
Վանոն էլ էր թաքնված։ Ու ամեն օր զանգում էր ինձ, որ ասի՝ դեռ էստեղ եմ, դեռ չեն ձերբակալել։ Վրեժը, Հրաչն ու Աֆոն էլ գալիս-նստում-սպասում էին, որ Վանոն զանգի, իրենք էլ թեթեւացած շունչ քաշեն, ասեն՝ էսօր էլ պրծավ։
Ամեն զանգելուց պարտադիր ասում էր՝ Վանոն ա՛։
Ես էլ պարտադիր ասում էի՝ ես քո ձենը ճանաչում եմ, ինչի՞ ես ամեն անգամ ասում։
Ոնց որ զոռով ասեր՝ եկեք ինձ բռնեք։ Պետքը չէր, ամեն զանգի սկիզբը սա էր՝ Վանոն ա՛։
Վերջին անգամ որ զանգեց, մի քիչ ջրիկացավ։ Դե, միշտ ասում էի, որ Վրեժը, Հրաչն ու Աֆոն մեր տանն են, էդ անգամ ասաց՝ բա խաշ չե՞ք դնում, ես էլ գամ ուտեմ (մի խաշ ուտող էլ լիներ…ճճճ)։
Հեռախոսը դրեցի, ու տրամադրությունս ընկավ։ Ասացի՝ ինչի՞ էր էսքան ուրախ, էս գիշեր բռնելու են։
Հաջորդ օրը տղերքը եկան, սպասեցինք, սպասեցինք… Չզանգեց։ Տղաներից մեկն եկավ ու լուրը բերեց՝ գիշերը տարել են։
Ու սկսվեեեց։ Ես ողբում էի, Հրաչը լաց էր լինում, Վրեժը հո չէր փրփրել՝ ինչ եք ձեններդ գլուխներդ գցել, չգիտեի՞ք, որ բռնելու են մի օր, չգիտեի՞ք։
Օգուտ չկար, ես ու Հրաչը տզզում էինք։
…Վրեժն էլ գնաց, Աֆոն էլ գնաց, Հրաչն էլ գնաց…
Վանոյի զանգին սպասողներից միայն ես եմ մնացել։ Տեսնես՝ կզանգի՞ Վանոն»։