Լիզա Ճաղարյանի Facebook-յան գրառումը. «Նորից աչքովս ընկավ «սովետի սերնդի» մասին հերթական մտքի ճախրանքը. այսինքն՝ «սովետի սերունդն» է խանգարում, որ նորագույն սերունդը երկիրը դրախտ դարձնի։
Ուրեմն ուշադիր լսիր, նոր սերունդ։
Շատ կուզենայի՝ դու այնքան ազատ լինեիր, որ իրոք՝ սովետի սերունդը ձեր համեմատ ստրկամիտ թվար։ Ավաղ, էդպես չի։ Եվ բուհերում էինք այսօրվա ուսանողությունից անհամեմատ անկախ ու ըմբոստ, և՛ աշխատավայրերում էինք մեր «շեֆերի» հետ կռիվ տվող։
Մեր կուրսերում էլ ռաբիսներ ու գողականներ կային, բայց մեր կողքին նրանց ծպտունը չէր լսվում, նրանք ամաչում էին մեր՝ իրենցից տարբեր տեսակից, նրանք ոչ իրենց ճաշակն էին պարտադրում մեզ, ոչ էլ իրենց ցանկությունները։ Հիմա ձեր շուրջը նայեք ու տեսեք՝ ովքեր են ճաշակ թելադրում, ովքեր են որոշում՝ Արմենչիկ է պետք լսել, թե՝ Կոմիտաս, ու Կոմիտասը միշտ պարտված է դուրս գալիս։
Իսկ հիմա հենց այսօրվա ընտրատեղամասերը նայեք՝ մեր սերո՞ւնդն է քաշքշում Զարուհուն ու իր աղջկան, մեր սերո՞ւնդն է իննսուն տարեկան տատիկ-պապիկներին քարշ տալիս ընտրատեղամասեր, թե՞ նորագույն Հայաստանի «ոսկե երիտասարդությունը»։
Հանգիստ թողեք մեր սերնդին, մենք կամաց-կամաց հեռանում ենք, ու մի օր դուք եք լինելու հին սերունդը։ Մտածեք՝ ինչ ունեիք մեզանից սովորելու, որ չսովորեցիք։ Մտածեք՝ ինչ եք ասելու նոր սերնդին, հպարտությա՞մբ եք ասելու, թե՞ ամոթից կակազելով։
Առողջ եղեք»։
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի