Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես
Advertisement 1000 x 90

Երևանում բացվեց Ընտանիքի օրվան նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ ՄԱԿ­ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Ներկա» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Ցուցադրույթում ներկայացված են հայաստանցի ժամանակակից երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ:

«Ցուցադրված են տասնութ նկարիչների աշխատանքներ. յուչաքանչյուրը մի քանի կտավ է ներկայացրել: Քանի որ սա մեր կազմակերպած առաջին ցուցահանդեսն է, մասնակցում են ասոցիացիայի բոլոր անդամները: Նկարների մեծ մասը նվիրված է ընտանիքին և նկարիչների ներկայիս մտահոգություններին»,­- նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ գեղանկարիչ Սերգեյ Իսավերդյանը:

Նրա խոսքով`Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան նորաստեղծ է: Ասոցիացիայի նպատակը ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները հանրության լայն զանգվածներին ներկայացնելն է:

«Տասնհինգ տարի պրոֆեսիոնալ նկարչությամբ եմ զբաղվում, ինձ համար ներշնչանքի աղբյուր են կյանքում տեղի ունեցող դրական իրադարձությունները: Շատ եմ կարևորում այս ցուցահանդեսը, քանի որ ընտանիքը կարևորագույն գաղափարն է, որը մեր օրերում թուլացել է, քանի որ շատ արժեքներ ոտնահարվում են»,-­ ասաց գեղանկարիչ Վահե Ափոյանը:

Գեղանկարչուհի Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ հետագայում ցուցահանդեսներ կիրականացվեն նաև այլ վայրերում: «Մենք մտադիր ենք նույն գաղափարները, մտածելակերպը և աշխարհայացքն ունեցող նկարիչների գործերը համատեղ ներկայացնել տարբեր ցուցահանդեսներում: Նպատակը միմյանց աշխատանքներին ու գործունեությանը ծանոթանալն է»,­- շեշտեց նա: Ցուցադրված որոշ նկարներ վաճառվում են: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30­-ը: