ՀՀԿ քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի առաջ խոնարհվելու տեսարանը լուսաբանելու համար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, 1in.am-ի դեմ բողոք է ներկայացրել Youtube-ին: Youtube-ն էլ որոշել է երեք ամսով արգելափակել լրատվամիջոցի ուղիղ եթերի հնարավորությունը։ Սա ոտնձգություն է ՀՀ քաղաքացու տեղեկացված լինելու սահմանադրությամբ վերապահված իրավունքի վրա, քանի որ միջոցառումը նախընտրական քարոզարաշավի շրջանակում է լուսաբանվել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանը երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը խոնարհվեց Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի առջև։ Այս տեսարանը բուռն քննարկվեց և քննադատվեց սոցիալական ցանցերում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի կարծիքով՝ ինչպես ՀՀԿ-ական տնօրենների հայտնի գործով, այնպես էլ այս դեպքում սա Հարութ Փամբուկչյանի նախաձեռնությունը չէ, այլ կուսակցության նախաձեռնությունն է։ Դանիել Իոննիսյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում։
«Սա տեղի է ունեցել քարոզարշավի շրջանակում, իսկ քարոզարշավը հանրային միջոցառում է։ Եվ մտահոգիչ է, որ կարող են արգելափակել քարոզարշավը լուսաբանելու համար։ Եվ ոչ միայն լրատվամիջոցի իրավունքը, այլ նաև պարտքն է լուսաբանել միջոցառումը։ Այլապես հարց կառաջանար՝ ինչո՞ւ չլուսաբանեցիք այս միջոցառումը։ Եվ կարծում եմ՝ սա կուսակցության կողմից կազմակերպված էր»,- ասաց նա՝ հավելելով, որ Youtube-ի որոշումն անպայման պետք է բողոքարկել։
Դանիել Իոննիսյանը չի բացառում, որ գուցե Հարութ Փամբուկչյանը տեսել է, թե որքան է ատելությունը ՀՀ-ում իշխող կուսակցության նկատմամբ, դրա համար այս քայլին է գնացել. «Ես երբեք ոչ ոքի առջև չեմ խոնարհվել և մտադիր էլ չեմ, բայց սա ավելի շատ բարոյական տիրույթում է։ Այդ նույն մարդը նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր Ժառանգությանն էր սատարում։ Բայց դա իր իրավունքն է, կարող է խոնարհել գլուխը, կարող է կոշիկները համբուրել, դա իր իրավունքն է»։
«Սա արդեն բոլոր սահմաններն անցնող երևույթ է։ Ինչպես կարող են լրատվամիջոցի վրա արգելք դնել, երբ եղել է քարոզարշավի շրջանակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի առջև խոնարհվելը Հարութ Փամբուկչյանի գործն է, բայց խոնարհվելուց առաջ նա պետք է մտածեր, որ հանրային դաշտում է և բոլորն են դա տեսնելու. «Եթե այդքանը չի մտածել, ուրեմն բացարձակապես իրավունք չունի արգելք դնել լրատվամիջոցի վրա»։