
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու նորածնի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. մայիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։
Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դատաբժիշկների կողմից բռնության հետքեր երեխայի վրա չեն հայտնաբերվել։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։