Արամո և Էմմա Պետրոսյան զույգն այս տարի՝ օգոստոսի 6-ին, նշելու է իր միության 25 ամյակը: Այսօր՝ «Ընտանիքի միջազգային օրը», Life.panorama.am-ին Արամոն պատմել է իր ընտանիքի երկարակեցության գաղտնիքի և ընտանիքի կայացման հարցում ամենակարևոր հիմքերի մասին:
«Ընտանիքը հատուկ կանոնակարգման չի ենթարկվում, այստեղ ուղղակի պետք է լինի սեր, հարգանք ու փոխադարձ ճիշտ հարաբերություններ: Մեր ընտանիքում հենց այս հատկանիշներն էլ գլխավորում են: Իհարկե, մեր ընտանիքում էլ լինում են վեճեր, բայց շատ կարևոր է, որպեսզի փոխզիջման արդյունքում այդ վեճերն ուղղակի աննկատ անցնեն: Եթե ընտանիքում փոխզիջում չեղավ, ապա շատ բաներ ուղղակի կփլվեն»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:
«Ես ու Էմման միշտ անկեղծ ենք եղել, կարևորել ենք սերն ու հարգանքը, հենց սրա մեջ էլ, մեծանալով մեր տղան, այսօր ինքն էլ նույն արժեքներն ունի: Մենք միշտ լսել ենք իրար, և կապ չունի խոսում է կինը, տղամարդը, թե երեխան, չէ որ երեխան էլ քո տան անդամն է, նա ևս մարդ է՝ իր աշխարհընկալմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Արամոն վստահ է՝ թեև մարդիկ տարբեր են՝ իրենց ընկալումներով ու աշխարհընկալմամբ, սակայն ամեն մարդ պետք է գիտակցի ընտանիք կազմելու և ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու կարևորությունը, ինչը ինքնադաստիարակության խնդիր է:
«Մեր ընտանիքում ամեն տարի օգոստոսի 6-ին տոն է, մենք շնորհավորում ենք միմյանց, հաճելի խոսքեր ասում ու մաղթում, որպեսզի մեր միությունը հարատև լինի, նաև այդ օրը շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ իր օրհնությամբ լավ ընտանիք կազմելու համար: Գիտեք, սերը նման է վառվող մոմի, առաջին 2-3 տարին այն բոցավառվում է, իսկ հետո հանդարտ վառվելով լուսավորվում՝ վերածվելով ճիշտ փոխհարաբերությունների: Սա չի նշանակում, որ սերն ավարտվում է, այլ պարզապես սիրո հետ զուգակցվում են հարգանքն ու փոխզիջումը, նաև պարտականությունը: Մեր միության մոմն արդեն 25 տարի է, ինչ վառվում է, ես հույս ունեմ ու վստահ եմ, որ այն միշտ է մեզ լույս տալու»,- ընտանիքի կարևորության մասին խոսելիս՝ նշեց նա:
Արամոն խիստ է վերաբերվում, երբ ասում են, թե կենցաղը սպանում է սերը.
«Երբ կենցաղային խնդիրները սպանում են հարաբերությունները, ապա այդ դեպքում և սերն է պակաս լինում, և մարդիկ են շատ թույլ լինում: Իհարկե, հասկանում եմ, կենցաղը մեծ նշանակություն ունի, բայց այդ մուշտակները, ճոխ տները, շրջագայությունները անցողիկ են, մնայուն է միայն սերը: Սիրո բացակայության պարագայում այդ ամենը դեկորատիվ բնույթ է կրում: Եթե զույգերի միջև սեր եղավ, ապա շատ բաներ կարելի է հարթել ու առաջ շարժվել: Սա արդեն մարդու առանձին ընկալումների խնդիր է, թե ինչին է առավել կարևորություն տալիս՝ լավ կյանքին, թե լավ ընտանիքին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Զրույցի վերջում Արամոն իր բարեմաղթանքը հղեց երիտասարդներին. «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր երիտասարդները, ընտանիք կազմելիս, շատ վստահ ու կշռադատված լինեն, քանի որ ընտանիք կազմելը շատ բարդ է, իսկ այն քանդելը կես վայրկյանի խնդիր է: Ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդները լավ ընտանիքներ կազմեն, քանի որ յուրաքանչյուր երկիր հզոր է իր ընտանիքներով: Այդ քայլին պետք է գնալ՝ խորապես գիտակցելով ամեն բան, որովհետև երեխաները մեղք չունեն, որ ծնողների բաժանություններից հետո պետք է զգան հոր կամ մոր կարոտը: Շատ-շատ կցանկանայի, որ չլինեին նաև մանկատները, որպեսզի բոլոր երեխաները զգային ծնողի և ընտանիքի սերն ու ջերմությունը»: