Անհեթեթություն է, որը հրապարակվել է փողի դիմաց. Ռուբեն Թաթուլյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անհեթեթություն է, որը հրապարակվել է փողի դիմաց. Ռուբեն Թաթուլյանը՝ իրեն ձերբակալելու լուրերի մասին. tert.am

Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է: Ավելին՝ Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Թաթուլյանն ասաց, որ տարածված տեղեկությունները, թե իրեն ձերբակալել են «օրենքով գողերի» թագադրման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում, դրանք ստահոդ են:

«Իմ փաստաբանն արդեն այցելել է ոստիկանություն և կա ոստիկանապետի ստորագրությամբ փաստաթուղթ, որ պարոն Թաթուլյանը չի ներգրավվել, չի ձերբակալվել և, որ իրավապահ մարմինները որևէ առարկություն նրա նկատմամբ չունեն»,- ասաց նա՝ նշելով, որ այս լուրերը «պատվիրել է կոմերցիոն կայք», որի հիման վրա էլ ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի «Հերթապահ մաս»-ն է հետագայում հաղորդում է պատրաստել:

««Primecrime.ru» կայքը, հավանաբար, փողի դիմաց կամ գուցե դա ինչ-որ մեկին հարկավոր էր, գրեց սա, որը անհեթեթություն է: Կան բոլոր փաստաթղթերը, որ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ռուբեն Թաթուլյանը:

Գործարարի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն հրապարակումները, որ ինքն իբրև թե Սոչի քաղաքի օդանավակայանում դիվանագիտական համարներով իր ավտոմեքենայով կոտրել է արգելափակոցը (շլագբաում) և որ իրեն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ ձերբակալել են: Այս լուրերի առնչությամբ էլ, նրա փոխանցմամբ, կան դատական որոշումներ այն մասին, որ ինքը ներգրավված չի եղել, որ իրեն չեն ձերբակալել:

«Չեն եղել նման միջադեպեր, չի եղել որևէ կոտրված արգելափակոց (շլագբաում)… Հետևաբար՝ սա ապատեղեկատվություն է, որը, պարզ է, պետք է կոմերցիոն կառուցվածքներին: Նրանք նման անհեթեթություններ են պատվիրում փողի դիմաց ու հրապարակում կայքերում, որոնք չեն գտնվում Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի տարածքում: Դրանք կայքեր են, որոնք Եվրոպայում են գտնվում կամ այլ տեղ ու, ցավոք, դատարանի որոշմամբ հնարավոր չէ արգելափակել դրանք»,- շեշտեց Ռուբեն Թաթուլյանը:

Հարցին՝ ովքե՞ր են փորձում այպիսով «վնասել» իրեն, նա պատասխանեց. «Ես նա եմ, ով կամ: Ես ունեմ մեծ ընկերություններ, հազարավոր աշխատակիցներ, աշխատատեղ եմ ապահովում, օգնում եմ շատ մարդկանց և հասել եմ այս ամենին առանց որևէ մեկի օգնության, ինքս եմ արել: Գիտեք, որ ես ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն եմ, Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն եմ, ու, հավանաբար, կա նախանձ, գուցե իմ ազգանվան վերջավորությունն է, գուցե այն, որ ես իմ խոսքի տերն եմ, չգիտեմ: Ստացվում է, որ մենք փնտրում ենք ասեղ՝ խոտի դեզի մեջ: Կրկնում եմ, իմ կարծիքով, սա ֆինանսավորում են չկամեցողները: Ցավոք, այս ապատեղեկատվությունը տարածվում է լրագրողների կողմից, ովքեր աշխատում են փողի դիմաց»:

Թաթուլյանն ասաց, որ ինքը չի պայքարում «ստահակների դեմ», ովքեր զբաղվում են անհեթեթությունների տարածմամբ, որովհետև իր համար հասկանալի է, որ դա պատվիրված է. «Իրականությունն այլ է, քան այն, ինչ գրում են»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որտեղ Ռուբեն Թաթուլյանի անունը կապում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ապա վերջինս արձագանքեց այսպես. «Ես կարող եմ միայն մեկ բան ասել. ես հարգում եմ այդ մարդուն, համարում եմ, որ նա պարկեշտ անձնավորություն է: Ես ուզում եմ, որ Հայաստանը միայն ծաղկի, զարգանա բիզնեսը, ու վստահ եմ, որ այդ մարդը կարող է անել այդ գործը, նա ուզում է աշխատել, ուզում է, որ Հայաստանը ծաղկի, զարգանա: Ես՝ որպես հայ մարդ, սրան միայն կողմնակից եմ, ուզում եմ, որ Հայաստանում զարգացում լինի, միայն առաջընթաց»:

Կից հրապարակում ենք այն փաստաթղթերը, որոնք Tert.am-ին տրամադրել է Ռուբեն Թաթուլյանը: