Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես ետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Գերմանական բանակը խորհրդարանի բանակն է, և խորհրդարանականը պետք է ամեն պահի վերահսկի այն: Այդ պատճառով գերմանական բանակը պետք է անմիջապես ետ քաշվի Ինջիրլիքի ռազմաբազայից»,- ասվում է կուսակցությունների ներկայացրած առաջարկում:
Խնդրի առնչությամբ իր տեսակետն է հայտնել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով ընդգծել է, որ Բունդեսթագի պատգամավորների այցն արգելելը «ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանակում վստահության կորուստ է համարվում»: «Դաշնային կառավարությունը շատ երկար հետևեց, թե ինչպես է նախագահ Էրդողանը մեր զինվորներին վերածել արտաքին քաղաքական գործիքի»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը մայիսի 17-ին քվեարկության կդրվի Բունդեսթագում: Իշխող կոալիցիայի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեադեմոկրատական միության մի շարք պատգամավորներ ևս ցանկություն էին հայտնել ետ կանչել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից: