Ինչպես արդեն հայտնի է՝ երեկ երեկոյան դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն Սարյան փողոցում վթարի է ենթարկվել: Ըստ ականատեսների՝ վթարի մեղավորը եղել է Դիանա Մալենկոյի վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայի հետևից եկող մեքենայի վարորդը, որը հարվածել է Դիանայի մեքենային, սակայն իրականում մեղավորը առջևից ընթացող մեքենայի վարորդն է եղել:
Life.panoarama.am-ը կապ հաստատեց Դիանայի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է կատարվել վթարը և արդյոք վիրավորներ չկան դրա հետևանքով:
«Շնորհակալ եմ բոլորին անհանգստանալու համար: Լուրջ վնասվածքներ չկան, ուժեղ հարվածի պատճառով քիթս դիպավ ղեկին, բայց, բարեբախտաբար, ուղղակի ուժեղ ցավեցրել եմ, կոտրվածքներ չկան: Ուրախ եմ նաև, որ մյուս վարորդները ևս վնասվածքներ չեն կրել»,- նշեց Դիանա Մալենկոն:
Խոսելով վթարի պատճառների մասին՝ դերասնուհին հստակեցրեց.
«Իրականում մեղավորն իմ դիմացի մեքենան էր: Վարորդը կանգնած տեղից ուժեղ արագություն հավաքեց ու անմիջապես արգելակեց, ես էլ, բնականաբար, նույնպես արգելակեցի, որի պատճառով էլ հետևից եկող մեքենան չհասցրեց արգելակել ու հարվածեց իմ մեքենային: Առաջին մեքենայի պատճառով հիմնականում տուժեց հետևից եկող մեքենան, որի վարորդը շատ բարեխղճորեն իջավ, մոտեցավ ինձ, իսկ դիմացի մեքենայի վարորդը, ով այդ դեպքի մեղավորն էր, պարզապես հեռացավ»:
Դիանա Մալենկոյի մեքենան վնասներ չի կրել, փոխարենը հետևից հարվածող մեքենան է ուժեղ հարվածի պատճառով վնասվել:
Հաղորդավարուհին նկատեց, որ վթարի պատճառով վախն արդեն հետևում է, նա վստահեցրեց, որ իրականում օրինապահ վարորդ է.
«Արդեն երեք տարուց ավել է, ինչ վարում եմ, երբևէ իմ պատճառով վթարներ չեն եղել: Հստակ կարող եմ ասել, որ օրինապահ վարորդ եմ, արագություն էլ չեմ սիրում, որը հենց հաճախ դառնում է վթարների պատճառ»,- ավարտեց մեր զրուցակիցը: