ԱՄՆ-ում մայիսի 13-ին Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի կողմից 8 ամերիկահայ արժանացել է հեղինակավոր «Էլիս այլընդ» պատվո մեդալի: Այդ մասին հայտնում է asbarez.com-ը:
Մեդալակիրներն են՝ Վարանտ Ֆրենկ Մելքոնյանը, դոկտոր Կարո Մ. Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադաթյանը, Ռութ Բեդևյանը և Գուրգեն Եդվարդ Բերքսանլարը:
Նրանք հաջողակ գործարարներից մինչև առաջատար բժիշկներ ու արվեստագետներ են և համայնքի զարգացմանն իրենց բարեգործության միջոցով նպաստած անձինք: Պատվավոր մեդալը հարգանքի տուրք է ներգաղթյալների և նրանց երեխաների կողմից ԱՄՆ-ի կյանքում և պատմության մեջ թողած ներդրման համար:
«Էլիս այլընդ» պատվո մեդալին են արժանացել նաև լրագրող Ֆարիդ Զաքարիան և նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինը, ինչպես նաև Պակիստանից խաղաղության նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը: Նշենք, որ մեդալը շնորհվում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց գիտելիքը, քաջությունը և անսահման կարեկցանքն ու մեծահոգությունն են կիսում մարդկանց հետ՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ժառանգության ավանդույթները և Ամերիկայի իդեալներն ու ոգին: