Ասլամազյան քույրերի արվեստի սիրահարներն այսուհետ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի ցուցանմուշներին կարող են ծանոթանալ ոչ միայն այցելելով պատկերասրահ, այլ նաև պաշտոնական վեբ-կայքի միջոցով:
Մայիսի 18-ին պատկերասրահի պաշտոնական կայքի շնորհանդեսի ժամանակ պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը, ներկայացնելով կայքը, նշեց, որ թվայնացված են պատկերասրահի բոլոր ցուցանմուշները: Իր տեսակով կայքը եզակի է՝ ոչ միայն ինֆորմացիոն է, այլ նաև ներկայցված են բոլոր ցուցանմուշները: Կայքը եռալեզու է՝ հայերն, ռուսերեն և անգլերեն, ինչն ավելի մեծ հնարավորություն է տալիս ծանոթանալու պատկերասրահի, ինչպես նաև Ասլամազյան քույրերի աշխատանքների հետ:
«Կայքի ստեղծման աշխատանքները բավական երկար տևեցին, սակայն արեցինք այնպես, որ մարդու ու պատկերասրահի միջև կապն ավելի ամրանա ու փոխշփումն ավելի հետաքրքիր դառնա»,- նշեց Վահագն Ղուկասյանը:
«Թանգարանային գիշեր» միջոցառմանն ընդառաջ սա պատկերասրահի միակ ձեռքբերումը չէ, տարվա ընթացքում պատկերասրահին հաջողվել է տարբեր ծրագրերի ու ցուցադրությունների շնորհիվ այցելուների թիվն ավելացնել: Կայքի շնորհանդեսին ներկա Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց վեբ-կայքի շնորհանդեսի կ ապակցությամբ խոսեց «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի գործունեության ու ճանաչվածության մասին:
«Քաղաքի համար շատ կարևոր բրենդներից մեկն է, և նորաստեղծ կայքի միջոցով մենք կարող ենք աշխարհին ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը»,- ընդգծեց Ռուբեն Սանոյանը: