Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «ARMENIA EXPO 2016» տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում իրենց արտադրանքն են ներկայացնում նաև Հայաստանի մեղրագործական ընկերությունները։
«Honey house» ընկերությունն առաջարկում է Հայաստանի և Արցախի բնական մեղրի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ընկերության ներկայացուցիչ Մարգարիտա Սիմոնյանի, ունի իր յուրահատուկ հատկությունները. «Մեղրի մեջ խառնված ծաղկափոշին պարունակում է մի շարք վիտամիններ, պերգամը բարձրացնում է արյան հեմոգլոբինը։ Ունենք պարզ մեղրներ, որոնք օգնում են դիաբետով հիվանդներին՝ կարգավորել արյան մեջ շաքարը։ Սերեկով մեղրն օգտակար է բերանի խոռոչի բորբոքման ժամանակ, օգտագործվում է նաև ատամների սպիտակեցման, աղեստամոքսային տրակտը կարգավորելու համար։ Ունենք հնդկաձավարով մեղր, որը պարունակում է երկաթ, յոդ։ Ուղղակի մեկ թեյի գդալը պետք է ծամել այնքան, որ կարողանան կուլ տալ։ Ցանկալի է ցանկացած մեղր օգտագործել 1 թեյի գդալ՝ առավոտյան, սոված վիճակում. 30 րոպե հետո նոր սնվել»։
«Լոռվա մեղվաբույծներ» հ/կ-ի անդամ Մեսրոպ Հարությունյանն էլ ներկայացնում էր իրենց մեղվանոցի մեղրը. «Ունենք տարբեր տեսակի մեղրներ, մեղվային ծաղիկներ, մեղվահացով մեղր։ Բացի մեղրից, ունենք նաև մեղվամթերքներ, օրինակ՝ մեղրի մաճառ, որը բուժիչ ազդեցություն է ունենում ստամոքսի, աղիների, սրտի վրա։ Ունենք պերգամ, ակնամոմ, ակնամոմի սպիրտային լուծույթ»։
Ռազմիկ Մարտիրոսյան
Հ.Գ. Հայկական ընկերությունների արտադրանքները կարող ենք ձեռք բերել սեպտեմբերի 16-18-ն անցկացվող ARMENIA-EXPO 2016 ցուցահանդեսի ընթացքում, որն անցկացվում է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք):
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: