Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 35 DL 990 համարանիշի և BMW մակնիշի 34 ՕZ 651 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցները, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել, մինչև ժամանել են բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։