Գյումրիում տեղի ունեցած Արթուր Հարությունյանի դաժան սպանության մանրամասները դեռ չեն բացահայտվում: Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նախորդ օրը, Armtimes.com-ը գրել էր, որ Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդն բնակարանում ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցները սպանված էին գտել նույն հասցեի բնակիչ Արթուր Հարությունյանին: Կամոյի 71Ա շենքի բնակիչների կողմից «համեստ, խելացի և շնորհքով» բնութագրվող տղայի սպանության դրդապատճառը դեռ չի բացահայտվել, սակայն հարևանները սկսել են վարկածներ շրջանառել:
Նրանց խոսքով՝ Արթուրի մայրը, ով Գյումրու թիվ 7 դպրոցում է աշխատում, միաժամանակ տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին, ունեն լուրջ կարողություն, քանի որ նախկինում, ըստ հարևանների «ոսկեղենի գործ» են արել: Նախնական վարկած շրջանառվում է այն, որ ցանկացել են թալանել բնակարանը: Հարևանները միաժամանակ նաև հիշեցին, որ տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև Արթուրի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
Տեղեկացնենք, որ մայիսի 18-ին` գիշերը 01:00-ի սահմաններում, հայտնաբերվել է 1994 թվականին ծնված Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում բութ գործիքով բազմաթիվ հարվածների հետքերով: Նշենք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ենթադրյալ հանցագործության հատկանիշներով: