ՀՀԿ-ական պատգամավորների մի մասի համար օրը նյարդային է: Երկու օր է՝ խորհրդարանում են, սակայն առանց աշխատասենյակ: Առաջին դժգոհողը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է:
Ում որ հանդիպում է միջանցքում, միանգամից բողոքում է, որ դեռ աշխատասենյակ չունի:
Նրա բողոքը նախ փորձեց փարատել Սամվել Ֆարմանյանը: Ասաց, թե ԱԺ-ն աշխատակազմի ղեկավար չունենալու պատճառով որոշակի խնդիրներ է առաջացել, բայց առաջիկայում հարցը կլուծվի: Խորհրդարանի միջանցքում բողոքող գործընկերոջը միացավ նաև Ֆելիքս Ցոլակյանն ու Նաիրի Ցոլակյանը: Նրանց ևս աշխատասենյակ չի հասել:
Կամ միջանցքներում ծխում են, կամ գործընկերներն խնդրում են իրենց հյուրընկալել իրենց: Ճիշտ է՝ Ալիկ Սերգեիչի նման ձայնը գլուխը չէին գցել, բայց կանգնելով նրա կողքին՝ գլխի շարժումով հասկացրեցին, որ կիսում են բողոքը:
Սարգսյանը, դիմելով առանց սենյակ մնացած գործընկերներին, որոշեց հարցերի լուծման այլընտրանք առաջարկել.
«Ո՞ւմ զանգեմ՝ էս հարցը լուծվի: Բացի մի տեղից, սաղ տեղերը կարամ զանգեմ, էդ մի տեղն ամոթ ա, որ էս հարցով զանգեմ: Հին դեմքերից կան էլի, ում էլ զանգեմ՝ հարցը կլուծեն»:
Ճիշտ է՝ Սարգսյանը դեռ ոչ մի տեղ չի զանգել և հարցն էլ չի լուծվել, բայց նա միջանցքում կանգնած հույսով սպասում է աշխատասենյակ ստանալուն: Ի դեպ, դժգոհողների շարքերը որքան գնում, այնքան բազմանում են:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից շատերն ևս աշխտասենյակ չունեն: Նրանք ստիպված ժամանակն անցկացնում են խմբակցության սենյակում՝ մինչ ծագած խնդիրների լուծվելը: