«Video Cavalry Studio»-ն համախմբել է մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Մտահղացման հեղինակ և ռեժիսոր Արման Մկրտչյանի նախաձեռնությամբ հայ աստղերն ասմունքում են Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ:
Life.panorama.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ այս գաղափարը հատուկ նպատակ է հետապնդել.
«Այս նախագծի գլխավոր նպատակն է, որպեսզի դուրս գանք ծեծված կարծրատիպից, թե մենք միշտ տուժող ազգ ենք եղել: Մեր նպատակն էր նաև, որպեսզի Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունն ավելի հասանելի և տարածված դառնա, քանի որ շատերը գիտեն այս բանաստեղծության միայն մի քանի տողը, կամ դպրոցական տարիներին ամբողջությամբ սովորելով՝ տարիների ընթացքում մոռացել են: Սա հայ գրականության մեջ քիչ բանաստեղծություններից է, որը ներկայացնում է հայ ազգի ողջ պատմությունը, թե ինչպիսինն ենք եղել ու ինչպիսինն ենք այսօր»,- նշեց Արման Մկրտչյանը:
Տեսահլովոկում նկարահանվել են՝ Ջիվան Գասպարյանը, Արա Գևորգյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Նադեժդա Սարգսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լևոն Հարությունյանը, Գարիկ Պապոյանը, Արսեն Սաֆարյանը, Հասմիկ Կարապետյանը, Շուշաննա Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Անի Պետրոսյանը և այլք:
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են ընտրել մասնակից արտիստներին, ռեժիսորը պատասխանեց.
«Մենք շեշտը դրել ենք այն բանի վրա, որ նկարահանվեն արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Մեզ համար պարտադիր չէր, որ նրանք լինեին շատ հայտնի, նրանց շարքում կան մարդիկ, ովքեր հանրությանը գուցե ավելի պակաս են հայտնի, բայց մշակույթի մարդիկ նրանց շատ լավ գիտեն: Մենք ցանկացանք, որպեսզի այս խորհրդանշական տեսահոլովակում նկարահանվի նաև հոգևորական: Ի դեպ՝ փորձել ենք հրավիրել տարբեր տարիքային խմբերի մշակույթայն դեմքերի: Մենք շեշտը չենք դրել վարկանիշի վրա, պարզապես ընտրել ենք մարդկանց, ովքեր ասելիք ունեն իրենց աշխատանքով»:
Արման Մկրտչյանի խոսքով՝ այս ծրագիրը գուցե ապագայում շարունակական լինի.
«Առաջին աշխատանքի հետ կապված դեռևս բացառապես լավ արձագանքներ եմ լսել: Մտադրություն ունենք այս նախագիծը շարունակական դարձնելու: Գուցե անդրադառնանք ոչ միայն մեր հայտնի, այլ նաև ժամանակակից գրողներին: Ինչպես նաև մտածում ենք ներառել ոչ միայն արվեստի ներկայացուցիչների, այլև հասարակ քաղաքացիների: Նպատակներ շատ կան, որոնց մասին շուտ է խոսելը»,- ավարտեց ռեժիսորը: