Հայաստանի կառավարությունը քննարկում է Գառնիում ճոպանուղի կառուցելու ֆինանսավորման հնարավորությունները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
«Քննարկում ենք դրա ֆինանսավորման հնարավոր հարցերը, կամ ինչ-որ մասնակցություն մասնավորի հետ և չի բացառվում հանրային-մասնավոր ֆինանսավորում: Սակայն, որպես վերջնական ծրագիր, որ մենք ֆինանսավորելու ենք Գառնու ճոպանուղին վարկային միջոցներով, չկա», – ասաց Գաբրիելյանը:
Նշենք, որ Գառնիում ճոպանուղի կառուցելու մասին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր դեռ այս տարվա սկզբին: Նա ասել էր, որ ճոպանուղին ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։
Ճոպանուղի կառուցելու նպատակն է՝ ապահովել ելքը ձորի վրայից և այցելուներին տանել «Քարերի սիմֆոնիայի» մոտ։ Դեռ այն ժամանակ Մինասյանն ասել էր, որ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն դոլար:
Լուսանկարը՝ FindArmenia.com-ի