
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության հետ Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, իրականացնելու է «Միավորվենք վերջ դնելու ՄԻԱՎ համաճարակին» խորագրով հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդներին տրվելու է ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միջոցառումը նպատակ ունի խրախուսելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկությունը մեր հասարակությունում և փոխելու հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ամրապնդելու այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:
Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը: