Տղամարդիկ սիրում են գարեջուր և խմում են այն ամեն օր՝ համարելով այս ըմպելիքն անվնաս իրենց առողջության համար: Այնքան էլ այդպես չէ: Չնայած գարեջուրը պարունակում է նվազագույն քանակությամբ ալկոհոլ և հարուստ է օրգանիզմի համար օգտակար սպիտակուցներով, ածխաջրերով, հանքային և այլ նյութերով, միևնույնն է, այս ըմպելիքի օգտակարությունը բավականին կասկածելի է:
Ի՞նչ բաղադրություն ունի գարեջուրը
Այս բուրավետ, թույլ ալկոհոլային ըմպելիքը, որի մասին մարդիկ գիտեին դեռ մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ, պատրաստվում է բնական հացահատիկային հումքից՝ ածիկ, գարի, աշորա, ցորեն, գայլուկ, որոշ դեպքերում նույնիսկ եգիպտացորեն և բրինձ: Նրա բաղադրության մեջ մտնում է՝
Էթիլ սպիրտ (միջինում 5%)
B, PP խմբի վիտամիններ պարունակող խմորիչներ, որոնք ուժգնացնում են օրգանիզմի էներգետիկ գործընթացները և բարելավում են սրտի աշխատանքը
կալցիում, մագնեզիում, որոնք խոչընդոտում են երիկամներում և լեղապարկում քարերի առաջացմանը
կալիում, որը կարգավորում է օրգանիզմում ջրաղային հավասարակշռությունը
օսլայի միացություններ, որոնք օգնում են բարելավել մարսողական համակարգի աշխատանքը
հակաօքսիդանտներ, որոնք լուրջ հիվանդությունների զարգացման հիանալի կանխարգելիչ միջոցներ են
եթերային յուղեր և պաշտպանիչ սպիտակուցներ, որոնք ունեն մանրէասպան հատկություն
օրգանական թթուներ (նիկոտինաթթու, ֆոլաթթու, պանտոթենիկ և այլն), որոնք բարելավում են արյան կազմը, նյութափոխանակությունը, ունեն միզամուղ հատկություն
Ընդ որում՝ բոլոր օգտակար նյութերը մեծ քանակությամբ պահպանվում են միայն չֆիլտրված գարեջրում, քանի որ դրա պատրաստելը ենթադրում է պաստերացման գործընթացի բացառում՝ ջերմամշակում պահպանման ժամկետը երկարաձգելու նպատակով: Թվում է, թե «հեղուկ հացի» օգտակարությունը պարզ է, սակայն իրականում ամեն բան այնպես չէ, ինչպես թվում է, քանի որ գոյություն ունի հարցի մեկ այլ կողմ:
Գարեջրի ազդեցությունը տղամարդու օրգանիզմի վրա
Այսօր բժիշկների մեծամասնությունը կարծում է, որ գարեջուրը բացասական ազդեցություն է ունենում տղամարդու առողջության, այդ թվում և վերարտադրողական ֆունկցիայի վրա: Սա վերաբերում է առանց ալկոհոլի պարունակության գարեջրին ևս: Խնդիրն այն է, որ այս փրփուրային ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ ֆիտոհորմոններ, որոնք իրենց գործունեությամբ նման են իգական էստրոգեն հորմոններին: Դրանք հատկապես շատ են մուգ տեսակի գարեջրում: Չնայած որ գարեջրում ալկոհոլի պարունակությունը քիչ է, միևնույնն է այն իր ազդեցությունը թողնում է՝ նվազեցնելով սերմնաբջիջների շարժունակությունը և դրանց ընդհանուր քանակը սերմնահեղուկում:
Գարեջրի մեծաքանակ և հաճախակի ընդունումը հանգեցնում է արական հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության ընկճման, իսկ դա մեծ վնաս է հասցնում տղամարդու պոտենցիային ու սերմնահեղուկի որակին: Համաձայն հետազոտությունների՝ գարեջրի յուրաքանչյուր սիրահար 30%ով նվազեցնում է հայր դառնալու իր հնարավորությունները: Գարեջուր հաճախակի ընդունող տղամարդկանց օրգանիզմում բացի էնդոկրին համակարգի փոփոխություններից, փոփոխության է ենթարկվում նաև արտաքին տեսքը. Ֆիտոէստրոգենները նպաստում են ճարպերի կուտակմանը հետույքային, ազդրային, որովայնային և կրծքային շրջաններում՝ այդպիսով տղամարդուն հաղորդելով կնոջ մարմնակազմություն: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ գարեջուրն արթնացնում է ախորժակը, ապա հասկանալի է, թե ինչու են այս ըմպելիքի սիրահարները հաճախ տառապում գիրությամբ, ինչի արդյունքում էլ վատանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, առաջանում են վարիկոզ երակներ, հիպերտոնիա և մինչև անգամ սեռական կարողության խանգարում (էրեկտիլ դիսֆունկցիա):
Բացի այդ նրանում պարունակվող ածխաջրերի մեծ քանակությունը սպիրտի հետ միասին բացասական ազդեցություն է ունենում նաև ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վրա: Գարեջրի կանոնավոր ընդունման դեպքում ժամանակի ընթացքում կարող է զարգանալ երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ) և այլ լուրջ հիվանդություններ: Պետք չէ մոռանալ, որ խմորման արդյունքում առաջանում են թունավոր նյութեր և միացություններ, որոնք իրենց գործունեությամբ նման են թմրանյութերի: Այս նյութերը անբարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի տարբեր օրգանհամակարգերի ֆունկցիայի վրա և հաճախ առաջացնում են կախվածություն: Այս ամենը չի նշանակում, որ տղամարդը ստիպված է բոլորովին հրաժարվել գարեջրից:
Գիտնականներն ապացուցել են, որ չափավոր քանակությամբ (շաբաթական ոչ ավել, քան 2.5 լ) գարեջրի ընդունումն էական ազդեցություն չի թողնի տղամարդու առողջության վրա: Գարեջրի արտադրման մերօրյա տեխնիկան բոլորովին էլ կատարյալ չէ և հաճախ նրա պատրաստման մեջ կիրառվում են առողջության համար վնասակար նյութեր: Այդ պատճառով զուգընկերներին խորհուրդ է տրվում չափավորել այս ըմպելիքի օգտագործումը: Եթե պլանավորում եք երեխա ունենալ, ապա լավ կլինի գոնե այս ժամանակահատվածում դրա ընդունումն իսպառ բացառեք:
sotskiy.am