Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը նաև ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նորանշանակ ղեկավարն է, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց Նովի Սադում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները և ասաց, թե ինչ է սպասում ըմբշամարտի նոր կանոններից.
«Մայրցամաքի առաջնությանը մի քանի մարզիկների մասնակցությունից գոհ եմ, որոշներից` ոչ: Գևորգ Ղարիբյանը (59 կգ) միջազգային մրցաշարերի լուրջ փորձ չուներ: Մեկնարկային գոտեմարտում մոտ էր հաղթանակին, բայց… մի խոսքով գոհ չեմ նրանից: Նույնը կասեմ նաև Կարեն Ասլանյանի մասին (66 կգ), որը ամենավերջում հաղթանակը հակառակորդին տալու իրավունք չուներ: Անբավարար հանդես եկան Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը մեծ ներուժ ուներ:
Գոհ եմ Կարապետ Չալյանից (75 կգ), որը լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց ներկայիս կանոնները թույլ են տալիս մրցավարներին միջամտել արդյունքներում հօգուտ այս կամ այն կողմի: Նա ամբողջովին պատրաստ էր մրցանակակիր դառնալուն: Մաքսիմ Մանուկյանը ևս լավ գոտեմարտեր անցկացրեց, բայց նրա հետ էլ տեղի ունեցավ այն, ինչ` Չալյանի:
98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանից, բնականաբար, բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում: Նա արմունկի և ծնկի վնասվածքներ ուներ, և մենք ցանկանում էինք, որ բաց թողնի այս առաջնությունը: Բայց նրա խնդրանքին ընդառաջ գնացինք և մասնակցության որոշում կայացվեց: Ինձ մարզիկի տրամադրվածությունն ուրախացրեց: Արթուրը մի քանի միջազգային մեկնարկներ էր բաց թողել և շատ էր ցանկանում մրցագորգ վերադառնալ: Նման կարգի մարզիկին մերժելը ճիշտ չէ: Բացի այդ մարզումները հաստատում էին նրա պատրաստվածությունը: Նորվեգացի մարզիկն Արթուրի դեմ լավ գոտեմարտ անցկացրեց: Իհարկե, պարտությունը տխրեցնում է: Բայց այդ պարտությունն ինձ 2016 թվականի Ռիգայի Եվրոպայի առաջնությունն է հիշեցնում, որտեղ Արթուրը երկրորդ տեղը զբաղեցրեց: Այն ժամանակ ասացի, որ այդ անհաջողությունն Արթուրի համար` պայքարելու և նոր հաղթանակների հասնելու հրաշալի խթան կդառնա: Կարծում եմ, հիմա էլ այդպես կլինի: Ցանկացած պարտությունից կարելի է դասեր և ինչ-որ դրական բաներ քաղել: Պետք չէ դժգոհել և ողբ սարքել:
Մեր գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը դեռ զիջում է մրցակիցներին: Այս քաշում մենք նաև Էդուարդ Խաչատրյան ունենք: Հավաքականի կազմում նրանք Թբիլիսիում միջազգային մրցաշարի կմասնակցեն (հունիսի 9-12-ը), որտեղ ընդլայնված կազմ կփորձարկենք: Վրաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարը կօգնի մեզ աշխարհի առաջնությունից առաջ իրերի իսկական դասավորությունը հասկանալ: Մեր այսօրվա գլխավոր նպատակը լուրջ թիմ ձևավորելն է, որպեսզի օլիմպիական ցիկլի որոշիչ փուլին լավ պատրաստված մոտենանք: Ներկայիս պարտությունները պետք է հանգիստ ընդունվեն:
Երկրպագուներն իհարկե հնարավոր է տխրեն, բայց շատ երկրներ այսօր անգամ մեկ մեդալի դեպքում են ուրախ լինում:
Ըմբշամարտի ներկայիս կանոններն այսօր շատերին են խորը հիասթափություն պատճառում: Եվրոպայի վերջին առաջնությունում կարելի է ընդամենը 4-5 գոտեմարտ առանձնացնել: Մնացածներն ավելի շատ սումոյի էին նման, և հաճույք չեն պատճառում ըմբշամարտի իսկական գնահատողներին:
Ես ուժեղ և տաղանդավոր մարզիկների համար եմ մտահոգվում, որոնք ներկայիս կանոնների պատճառով հեշտությամբ կարող են անարդարացի պարտություն կրել: Նրանց թվում է նաև Արսեն Ջուֆալակյանը, որը այսօր շարունակում է ինտեսիվորեն մարզվել:
Դրա համար էլ, անկախ նրա մեծ ցանկությունից, թույլ չեմ տալիս, որ մրցի: Տալլինի միջազգային մրցաշարում, որտեղ նոր կանոնները փորձարկվեցին, Արսենը բոլոր մենամարտերում ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Նա շատ է աշխատում` ձգտելով հաղթանակի օլիմպիական խաղերում:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) քայլեր է նախաձեռնել իրավիճակը փոխելու համար: Հուսով եմ , որ 2018 թվականի հունվարի 1-ից նոր կանոններն ուժի մեջ կմտնեն, և ըմբշամարտը կրկին դիտարժան մարզաձև կդառնա: Շատ ավելի լավ կլինի, եթե դա Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը տեղի ունենա, չնայած ժամանակ քիչ է մնում»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
armsport.am