«Մեր մեծագույն էշը՝ Դոնալդ Թրամփը, նախագահ է ուզում դառնալ». Վահե Պէրպէրեան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեր մեծագույն էշը՝ Դոնալդ Թրամփը, նախագահ է ուզում դառնալ». Վահե Պէրպէրեան

Մենախոսության վարպետ, դերասան, բեմադրիչ, գրող, նկարիչ: Եվ այս ամենը մեկ մարդու մասին է՝ Վահե Բերբերյանի (Վահե Պէրպէրեան): Հուլիս ամսին նա երևանյան բեմում էր՝ «Եթե» մենախոսությամբ: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում կայացած ներկայացումն իր շուրջ էր հավաքել Հայաստանում ապրող սփյուռքահայերին և տեղացիներին… Վահեի հետ զրույցի ժամանակ հայտնաբերեցի, որ «ամենահետաքրքիրը» թվացող հարցի պատասխանը կարող է անհարմար վիճակի մեջ գցել, առաջին հերթին, հարցը տվողին: Արդեն բրենդ դարձած Վահեի հյուսքերի մասին խոսելիս՝ պարզ դարձավ, որ վերջինս սարսափելի հիվանդություն է հաղթահարել, և, որ դրանք իրականում, ինչ-որ առումով, այդ հիվանդության ընթացքի հետևանքներն են:  Եվ, որ մահվան դուռը թակած մարդը միայն կարող է այսչափ սիրել կյանքը և սեր նվիրել իր հանդիսատեսին:

– Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի  ընդունելությունը:

– Շատ գոհ եմ հանդիսատեսից: Հայաստանում ինձ տանն եմ զգում: Իսկ վերջերս՝ առավել ևս, քանի որ տեսա, որ հանդիսատեսի շարքում ոչ միայն՝ սփյուռքահայեր են, այլև՝ տեղի բնակիչներ: Կարծես թե հաղթահարվել է խոսքի և հումորի ընկալման խոչընդոտը:

– Հումորն ունի ընկալման յուրահատկություն: Այն, ինչ ծիծաղելի է թվում  Ամերիկայում ապրող հային, շատ անգամ ծիծաղելի չէ Հայաստանում բնակվողին, և՝ հակառակը: Պատճառները բազմազան են՝ լեզուն, հումորի ժամանակավրեպ լինելը, հումորային իրավիճակների և թեմայի անծանոթ լինելը… Ի՞նչ պետք է արվի, որպեսզի հաղթահարվի հումորի ընկալման այդ պատնեշը:

– Այն պահից, երբ հասկանաս օտար երկրի հումորը, հարազատ կզգաս քեզ: Երբ օտարերկրացին ծիծաղի, և դու էլ՝ նրա  հետ, կնշանակի, որ արդեն պատկանում ես նրանց: Այո, կա հումոր, որ միայն տվյալ ժամանակին է պատկանում, քանի որ այդ ժամանակից դուրս այն այլևս անհասկանալի է: Պատմության մեջ հումորի բազում վարպետներ են եղել, որոնց ասելիքն այսօր ծիծաղելի չէ, քանի որ ժամանակավրեպ էր. անունները, իրավիճակները, որոնց մասին խոսվում է, մեզ բան չեն ասում:

– Ձեր ասածի վառ օրինակներ են խորհրդային շրջանի որոշ կոմեդիաներ, որոնց ծիծաղի թեման, վստահ եմ, գալիք սերնդին անհասկանալի կլինի…

– Կան վարպետներ, որոնց հումորը ժամանակ չի ճանաչում՝ Պարոնյան, Մոլիեր… Դրա համար հումորը պետք է համամարդկային լինի:

Օրինակ, երբ բեմից խոսում եմ մորս մասին, բոլորն ինձ հասկանում են, քանի որ ամեն մեկն ունի նման մամա, կամ հաստատ ճանաչում է նման մեկին:

– Ներկայացման ժամանակ նշեցիք, որ Հայաստանը սիրում եք, սակայն անցյալ տարի ուղղակի սիրահարվեցիք:

– Սիրահարվածությունս մի քանի պատճառ ունի: Միշտ կարճ ժամանակահատվածով էի գալիս Երևան, իսկ անցյալ տարի երկար մնացի: Եվ, եթե կարճ ժամանակով մնալու դեպքում բոլորը մոտենում, նկարվում են քեզ հետ, ապա երկար մնալու պարագայում արդեն «սպառվում» ես, մարդիկ նորմալ են վերաբերվում քո ներկայությանը: Բացի այդ, մարդ չի մնում, որ հետդ նկարված չլինի: Այսինքն՝ կարողացա ինձ զգալ յուրային, այլ ոչ՝ տուրիստ: Ինձ համար հանգիստ շրջում էի քաղաքում, ինչպես բոլորը: Էլ ոչ ոքի  չէի «անհանգստացնում» իմ ներկայությամբ: Եվ երկրորդ՝ անցյալ տարի աշխատեցի Հայաստանում. Ֆիլմ ենք նկարել: Աշխատանքի ժամանակ հասկացա, որ տուրիստ լինելուց բացի՝ Հայաստանում կարելի է բնակվել: Նկարահանող խմբի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, քանի որ խմբի անդամներից յուրաքանչյուրը հոյակապ տիպ էր: Ես ինձ իմ տանն էի զգում՝ հրաշալի մարդկանցով էի շրջապատված:

– Կարծում եմ՝ դա նաև Ձեր շնորհն է՝ մարդու մեջ դրականը տեսնել: Շատ հավանական է, որ նույն իրավիճակում մեկ ուրիշը միայն բացասականը տեսներ: Ամեն դեպքում հայի «էշ» տեսակին հանդիպելուց հաստատ չեք խուսափել: Հատկապես, որ այդ մասին նշեցիք նաև Ձեր ներկայացման մեջ:

Իսկ իրականության մեջ ե՞րբ եք հանդիպել հայի «էշ»-ին:

– Այդ տեսակին հանդիպելու համար Հայաստանում երկար մնալու կարիք չկա: Նա արագ է ի հայտ գալիս:

– Դուք նշեցիք, որ տուրիստ լինելուց բացի՝ Հայաստանում կարելի է ապրել: Միայն հայրենասիրությամբ տոգորված հնարավո՞ր է ապրել մի երկրում, որի օրենքներն ու բարքերը, մարդկային որոշ որակներն անծանոթ են և անընդունելի՝ երկար տարիներ օտար երկրում ապրողի համար:

– Դա անելու համար պետք է հասկանալ մի պարզ իրողություն, որ Հայաստանը բոլոր մյուս երկրների պես նորմալ երկիր է՝ իր պլյուսներով և մինուսներով: Հատկապես սփյուռքահայերն աբստրակտ պատկերացումներ ունեն Հայաստանի մասին: Մինչ Հայաստան գալը շատ լուրջ հավատում ենք, որ Հայաստանում չկա բոզ, ավազակ, խաբեբա… Մենք Հայաստանը մտովի սրբացրել ենք՝ մինչ առաջին այցելությունը, իհարկե:

– Եվ ի՞նչն է բացում աչքերը:

– Գալով Հայաստան՝ հասկանում ենք, որ այն նորմալ երկիր է:

– Իր բոզերով և էշերով:

– Ո՛չ միայն: Հավատացե՛ք, էշերն ամենուր են, Ամերիկայում՝ շատ ավելի:  Մեր մեծագույն էշը՝ Դոնալդ Թրամփը, նախագահ է ուզում դառնալ՝ էշերի նախագահ: Շատ անկեղծ մի բան ասեմ՝ եթե Դոնալդ Թրամփի տեսակը  հանդիպեր Հայաստանում, մենք հիմա ամոթից գետինն էինք մտել: Ազգային խայտառակություն կլիներ մեզ համար:

– Կարո՞ղ եք հիշել առաջին հիասթափությունը, որն ապրեցիք նորմալ երկիր Հայաստանում՝ իր թերություններով և առավելություններով հանդերձ հայրենիքում:

– «Հիասթափություն» բառը սխալ է այս դեպքում, քանի որ հիասթափությունը ենթադրում է ինչ-որ բանի ավարտ, վախճան… Ես միշտ նշել եմ, որ միայն Հայաստանում կարելի է մեկ օրվա մեջ ապրել բոլոր մարդկային և անմարդկային զգացողությունները՝ երանությունից մինչ ատելություն:

– Ձեր հումորային ներկայացումների գլխավոր հերոսուհին շատ անգամ Ձեր մայրն է:  Նա գիտի՞ այդ մասին և ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին:

– Մայրս հումորի շատ ուժեղ զգացողություն ունի: Սակայն նա այդ ամենն ասում է այնպիսի լրջությամբ, որ չես կարող կռահել՝ կատակո՞ւմ է, թե՞ լուրջ է ասելիքը: Անտանելի ծիծաղելի բաներ կասի: Եվ զորավոր հավատացյալ է: Օրինակ, հաջորդ մենախոսությանս մեջ հավանաբար կօգտագործեմ վերջերս պատահած միջադեպը: Ուժեղ գլխացավով, աչքերս դուրս ընկած՝ պառկած եմ, մայրս ձեռքը դրել է ճակատիս և բարձրաձայն աղոթում է: Չդիմացա և ասացի, որ այդ աղոթքից էլ ավելի է ցավում գլուխս: Մայրս գնաց խոհանոց և վերադարձավ շերտատած կարտոֆիլով, որը քիչ անց շարվեց գլխիս: Զայրացած հարցրի, թե ի՞նչ է անում, ինչի՞ համար է այս ամենը շարել գլխիս, նա շատ լուրջ դեմքով և վրդովված ասաց. «Օկ, Աստծուն չես հավատում, հասկացանք: Կարտոֆիլին է՞լ չես հավատում»:

– Ի դեպ, Ձեր աստվածավախ մայրը չի՞ նեղանում, երբ Հիսուսի ենթադրյալ կնոջ թեմայով կատակներ եք անում:

– Նեղանում է, բայց արդեն վարժվել է:

– Ձեր արտաքին տեսքը բավականին էքստրավագանտ է հայաստանցիներիս համար: Հավանաբար նկատած կլինեք անցորդների զարմացած հայացքները: Իսկ ե՞րբ  Դուք դարձաք երկու հյուսիկներով, ականջօղերով Վահե:

Շատերը կարծում են, թե սա բրենդ է, ուշադրություն գրավելու նպատակով արված քայլ: 15 տարեկանից մազերս երկար են եղել, կլոր ակնոցներ էի կրում, ինձ Ջոն Լենոն էին ասում: Միշտ առանձնացել եմ սոցիումից իմ արտաքինով: Իսկ հյուսքերը շատ ավելի ուրիշ պատմություն ունեն: Երբ 22 տարի առաջ քաղցկեղով հիվանդացա և երկար ժամանակ պառկած էի հիվանդանոցում՝ մազերս հաստ հյուսք էի անում, որը ցավեցնում էր վիզս: Մի օր կինս երկու կողմից հյուսեց, որ գլուխս հանգիստ դնեմ: Եվ դրանք այդպես էլ մնացին: Այսպես հանգիստ է:

– Հիվանդությունն ինչպե՞ս եք հաղթահարել:

– Այն ինձ շատ բան սովորեցրեց: Բանաստեղծ Արթուր Ռեմբոն ասում էր, որ հիվանդությունն ավելի բարձր իմաստության դուռ է բացում: Երբ հիվանդ ես, ողջ լինելդ գիտակցում ես շատ ավելի ուժեղ: Ապրելու ցանկությունից բացի, քեզ շատ ավելի ողջ ես զգում, քան երբևէ:

2_640x419-2

Չնայած ողջ էությամբ ժամանակակից մարդ եք, սակայն Ձեր ներկայացման մեջ շարունակ նշում էիք, որ ժամանակները փոխվել են: Ամենից շատ ե՞րբ և ի՞նչ պարագայում եք զգում ժամանակների փոփոխությունն ու այն փաստը, որ այլևս այդ ժամանակին չեք պատկանում:

– Ես դա չեմ ասում նոստալգիայով: Այնպես չէ, որ ասում եմ. «Երնեկ այն օրերուն»… Ես գիտեմ միայն, որ այսօր լավ է, քան վաղն է լինելու: Չկա մի բան, որ պետք է լավանա: Այն վնասները, որ մենք տարիներով հասցնում ենք մոլորակին, չեն վերականգնվելու: Այն «զարգացումները», որ տեսնում ենք սոցիալական ցանցերի ի հայտ գալուն պես, ոչ մի լավ բան չեն հուշում:

– Ինչպես նշեցիք Ձեր ներկայացման մեջ. «Ո՞ւմ է հետաքրքիր կերածդ ճաշը, որ համացանց ես գցում»: Եվ հետո տարբերակ առաջարկեցիք՝ ուտելուց հետո նաև մարսված արդյունքը նկարել և գրառում կատարել. «Կերակուրը՝ առաջ և հետո»: Բայց այդ ցնորքն արդեն համատարած բնույթ է կրում:

– Եվ համամարդկային անխելքության վառ օրինակ է վերջերս ի հայտ եկած «Պոկեմոն» խաղը, որը խաղացողները կատարյալ հիմարությամբ են զբաղված:

– Այո, նրանք վազում են՝ սմարտֆոնին պատկերված, իրականության մեջ գոյություն չունեցող պոկեմոնի հետևից փողոցներով և «ինքնամոռաց» մեքենաների տակ ընկնում: Զոմբիների վազք է հիշեցնում: Այստեղ արդեն տեղին է այն հայհոյանքը, որ բեմից եք հնչեցնում: Դուք առանց վարանելու  հայհոյում եք այն ամենը, ինչ իրոք արժանի է հայհոյանքի՝ անմիջապես բեմից:  Տարօրինակ է, բայց դա գռեհիկ չի հնչում: Ինչպե՞ս եք հասել դրան:

– Խոսակցությանս մեջ անկեղծություն կա: Կհուսամ, որ հանդիսատեսին պարզ է, որ ես իր հետ խոսում եմ այնպես, ինչպես տանն ընկերներիս, բարեկամներիս հետ: Եթե դու մեկի հանդեպ իրապես անկեղծ ես, խոսակցությանդ մեջ վերապահություններ չես անի: Խոսքդ չես չափի-ձևի: Ես իմ հանդիսատեսի հետ այնքան անկեղծ եմ, որ պետք եղած ժամանակ կհայհոյեմ: Բայց այդ ամենը սիրով կանեմ:

«Երեք շաբաթ Երևանում» ֆիլմի պրեմիերան, որի մասին պատմում է Վահեն,  կկայանա Երևանում օգոստոսի 4-ին:  Հրանտ Թոխատյանի, Վահե Պէրպէրեանի, Վահիկ Փիրհամզեի մասնակցությամբ  կինոկատակերգության սցենարի հեղինակը Վահե Պէրպէրեանն է, ռեժիսորներն են Վ. Պէրպէրեանը և Վահիկ Փիրհամզեն, պրոդյուսեր՝ Վ. Փիրհամզեն:

Քրիստինե Մարտիրոսյան