Գյումրիի «Շիրակը» վաղը՝ մայիսի 24-ին Հայաստանի Գավաթի 2016/17 թթ. խաղարկության եզրափակչում կմրցի Երևանի «Փյունիկի» հետ:
«ArmSport.am»-ն առաջիկա խաղի և ակնկալիքների մասին զրուցել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հետ.
«Եզրափակիչ խաղին նախապատրաստությունն ընթացել է նորմալ, բնականոն հունով: Կազմն ամբողջովին պատրաստ է մոտենում խաղին, կորուստներ չունենք:
Խաղալու ենք Գավաթի եզրափակչում, այդ իսկ պատճառով թիմի տրամադրությունը շատ բարձր է: Ամեն ինչ նորմալ է»,- մեզ հետ զրույցում նշեց մարզիչը:
Վարդան Բիչախչյանի հավաստիացմամբ, իրենք ամեն ինչ անելու են երկրորդ անգամ Հայաստանի գավաթակիր դառնալու համար.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր թե՛ մենք, և թե՛ «Փյունիկը» Եվրոպա լիգայի ուղեգիր ունենք, կարծում եմ՝ ավելորդ լարվածություն չի լինի: Խաղը դիտարկում ենք որպես տիտղոս նվաճելու հնարավորություն, և, բնականաբար, երկու թիմն էլ ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար: Լարվածություն չկա, այդ իսկ պատճառով անձամբ ես դիտարժան խաղ եմ ակնկալում:
Ինչ էլ ասեմ, ենթադրություն եմ անելու: Ամեն ինչ որոշվելու է վաղը՝ դաշտում: Փորձելու ենք երկրորդ անգամ նվաճել Գավաթը: Մրցակիցների մասին ես առհասարակ չեմ սիրում խոսել: Համենայն դեպս, «Փյունիկն» այսօր շատ լուրջ հակառակորդ է, չնայած նրան, որ հիմնականում խաղում են երիտասարդ կադրերով: Ընթացիկ առաջնությունում մենք «Փյունիկի» հետ 6 խաղ ենք անցկացրել՝ 3-ում հաղթել ենք, 2-ում՝ պարտվել , մեկն էլ ավարտել ենք ոչ-ոքի. սա ևս խոսում է այն մասին, որ «Փյունիկն» իսկապես լուրջ մրցակից է:
Լավ խաղ ենք ակնկալում և հուսով ենք՝ կկարողանանք հաջողության հասնել»,- եզրափակեց իր խոսքը «Շիրակի» գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք՝ Գյումրիի «Շիրակը» 6 անգամ մասնակցել է Գավաթի խաղարկության եզրափակիչներին, սակայն հաջողության հասել է միայն մեկ անգամ. 2012 թվականին Գյումրիում կայացած եզրափակչում «Շիրակ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Իմպուլս»-ին և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճել Հայաստանի Գավաթը:
armsport.am