1990-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանը վերջին տարիներին նույն ակտիվությամբ չի ներկայանում հանդիսատեսին: Նրա երկրպագուներն անհանգստանում են և հարցնում` ո՞ւր է կորել Օլգա Այվազյանը, ինչո՞ւ է նա բավարարվում՝ տարեկան մեկ-երկու տեսահոլովակ թողարկելով: Օլգա Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շարունակում է աշխատել և հուսով է, որ ամռանը երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա` կրկին տեսահոլովակի տեսքով: Բացի այդ` Օլգային առաջիկայում սպասվում են եվրոպական շրջագայություններ:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին Օլգան հաճախ էր հանդես գալիս հեղինակային երգերով, իսկ վերջին շրջանում` կարծես թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, իմ երեք ալբոմներում տեղ են գտել հենց իմ գրած երգերը, բայց հետո ցանկացա ոճային փոփոխության դիմել և սկսեցի համագործակցել երգահանների հետ: Վերջին հեղինակային երգը, որ հանձնել եմ հանդիսատեսին, եղել է «Մաման»»:
Ինչ վերաբերում է արտաքինին, Օլգան նշեց, որ ինքն այլևս շիկահեր չէ. «Բոլորը կարծում են, թե սևահեր եմ դարձել, բայց իրականում մուգ շագանակագույն եմ ներկել վարսերս»,-ասաց երգչուհին:
Հարցին, թե ինչու չի մասնակցում շոուբիզնեսյան փարթիների, մրցանակաբաշխությունների, երգչուհին պատասխանեց. «Փարթիներ շատ չեմ սիրում, իսկ մրցանակաբաշխությունների 10 տարուց ավել է` չեմ մասնակցում, չեմ էլ փորձել նոմինացվել: Ընկերներիս հիասթափությունը տեսնելով, նրանց փորձից ելնելով` չեմ ձգտում նման միջոցառումների ներկայանալ: Այդ ամենն ինձ չի գրավում. ինձ երկրպագուներիս սերն է պետք»:
Մենք հարցրեցինք նաև` անձնական կյանքում փոփոխություններ կան, թե ոչ. «Չեմ կարող ասել, որ կողքիս ոչ ոք չկա, բայց կարգավիճակի փոփոխություն չի սպասվում»,- եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ armlur.am