Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել է վնասի, որի չափը գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնել է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:
Նրանց խոսքով՝ մայիսի 12-ին սկսված կիբեռգրոհի հետևանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչև 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները:
«WannaCry-ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,- նշել է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները և այլ գործոններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: