Համահայկական «Միսս Հայաստան». մասնակցելու կարգը, նպատակը և պահանջները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համահայկական «Միսս Հայաստան». մասնակցելու կարգը, նպատակը և պահանջները. wnews.am

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում երկար տարիների դադարից հետո կրկին տեղի կունենա «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը՝ Մշակույթի նախարարության, Սփյուռքի նախարարության  և «Փյունիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ «Միսս Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահ, «Միսս Հայաստան 1997» Գոհար Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը լինելու է համահայկական.

«ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, մրցույթը լինելու է համահայկական. այսինքն՝ կարող են մասնակցել նաև Արցախում և Սփյուռքում բնակվող 17-26  տարեկան հայուհիներ։ Ցանկացողները մինչև հուլիսի 15-ը պետք է  գրանցվեն Missarmenia.org կայքում։ Մրցույթի նախընտրական փուլերը փակ են լինելու հանրության համար, իսկ դիմումները հասանելի են լինելու միայն կազմկոմիտեի անդամներին։ Արտերկրի մասնակիցներն այդ փուլն անցնելու են առցանց տարբերակով։ Աղջիկներին ընտրելիս կարևորելու ենք ոչ միայն գեղեցկությունը, այլև՝  ինտելեկտը»,- տեղեկացրեց Գոհար Հարությունյանը։

Նրա խոսքերով, վերջին երկու շաբաթների ընթացքում արտերկրից և մարզերից ժամանած աղջիկները կբնակվեն հյուրանոցում, ապահոված կլինի իրենց անվտանգությունը։ Մասնակիցները կարող են լինել նաև անապահով ընտանիքներից, քանի որ ֆինանսական բոլոր հարցերը՝ հագուստից սկսած, հոգալու են կազմակերպիչները։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասուլիսում նշեց, որ «Միսս Հայաստան» կազմակերպելու նախաձեռնությունը կբերի  նոր շունչ, որպեսզի կանոնակարգված լինի միջազգային մրցույթներում Հայաստանի մասնակցությունը։

«Այս բոլոր տարիներին մեր աղջիկները Հայաստանը ներկայացրել են տարբեր միջազգային մրցույթներում, սակայն շատ դեպքերում դրանք ցածրակարգ են ու  ոչ հեղինակավոր ։ Աղջիկներն իրենք են ստիպված լինում մրցույթին մասնակցելու համար ֆինանսական միջոցներ հայթհայթել , իսկ մասնակցելուց հետո իրենց ծանոթ լրատվամիջոցներին  զանգում և ասում են՝ ես հաղթել եմ այս կամ այն մրցույթում, բայց դա ոչ միշտ է համապատասխանում իրականությանը։ Անգամ այդ մրցույթները պաշտոնական վեբ կայք չունեն։ Մեր նպատակն է, որ Հայաստանը արժանվույնս ներկայացվի հեղինակավոր  մրցույթներում»,- նշեց Գոհար Հարությունյանը։

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն էլ իր հերթին նշեց, որ եթե պետական խոշոր գերատեսչություններ համակարգում են այս մրցույթը, ուստի լուրջ նշանակություն է տրվում դրան։

«Այս մրցույթի հեղինակությամբ պետք է հասնենք նրան, որ անհատական կառույցներն իրենք գան միավորվելու «Միսս Հայաստան» համահայկական կառույցին և այդ խողովակով գնան մասնակցեն միջազգային մրցույթների։ Սփյուռքում նույնպես ունենք գեղեցիկ հայուհիներ, որոնք կարող են ներկայացրել հայ կնոջ արժանապատիվ գեղեցկությունը, արժանիքներն ու ազգային դիմագիծը։ Այս «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողների ուսերին ծանրանում է նաև ազգային դիմագիծը ներկայացնելու պարտականությունը»,-նշեց նա։

Եզրափակիչ փուլում կլինեն 20-25 աղջիկներ, գեղեցիկ շոու ծրագրում հայուհիները ելույթ կունենան հայկական տարազով, լողազգեստով, երեկոյան զգեստով։

Գոհար Հարությունյանը նշեց, որ մրցույթը արդար և թափանցիկ է անցկացվելու, իսկ ժյուրիի կազմը չի հրապարակվի մինչև վերջին օրը։

Խոսելով մրցանակային ֆոնդի մասին՝ Գոհար Հարությունյանը նշեց, որ, բնականաբար, լինելու է գեղեցկության թագ, դրամաշնորհ, բացի այդ մի շարք հովանավորների կողմից նախատեսված նվերներ։

«Շատ գործընկերներ արդեն  հետաքրքրված են և ցանկանում են իրենց կողմից մրցանակներ սահմանել»,- նշեց նա։

Հաղթողը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր մրցույթներում՝  «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք»։ Բացի այդ, «Միսս Հայաստան»-ը տարվա կտրվածքով մասնակցելու է բարեգործական մի շարք միջոցառումների և նախաձեռնությունների։

wnews.am