Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վստահ է, որ փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով նոր ժամանակաշրջան է սկսվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
«Նախորդ շուրջ տասը տարին լավ, թե վատ անցավ, թերևս հենց այդպես էլ պետք է լիներ առանց պատրիարքի ժամանակաշրջանը: Արամ սրբազանին էլ շատ պետք չէ մեղադրել: Մարդը, ով պատրիարք չէ, միայն այդքանը կարող էր անել»,- նշել է Մաշալյանը:
Նա ընդգծել է, որ Աթեշյանի հրաժարականով բացվել է պատրիարքի ընտրությունների անցկացման ճանապարհը: «Երանի թե ավելի շուտ լիներ»,- ասել է եպիսկոպոսը:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում: