New York Times-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին
Advertisement 1000 x 90

New York Times-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Հայաստանի՝ երբևէ աշխարհին տված լավագույն ֆուտբոլիստին՝ Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի Հենրիխ Մխիթարյանն իր հետ բերում է Հայաստանը» խորագրով հոդվածում հեղինակ Ռորի Սմիթը նշում է, որ թեև հայ ֆուտբոլիստը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, այնուհանդերձ՝ արդեն անցյալում են մնացել այն ժամանակները, երբ Մխիթարյանը չափազանց ծանր էր տանում խաղադաշտում թույլ տված յուրաքանչյուր սխալը:

«Այժմ նա գիտի՝ ինչպես թուլանալ, հանգստանալ, որպեսզի ճիշտ ժամանակին կարողանա ամբողջովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Սակայն նրա բազմազբաղ առօրյայում կա մի կետ, որը Մխիթարյանը երբեք չի շրջանցում:

Անկախ նրանից, թե որքան հոգնած է՝ Մխիթարյանը ժամերով YouTube-ում հետևում է Հայաստանում ընթացող ֆուտբոլային հանդիպումներին: Նա դա անում է ոչ թե հաճույքի, այլ՝ հավատարմության զգացումից դրդված:

Կապ չունի, թե ով է նա կամ ինչ է դարձել, Մխիթարյանի մի մասնիկը միշտ էլ տանն է՝ Հայաստանում»,-գրում է Սմիթը՝ հիշեցնելով, որ Մխիթարյանն իր առաջին քայլերն արել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում:

Անդրադառնալով Մխիթարյանի անցած ճանապարհին՝ Սմիթը հիշեցնում է, թե ինչ հեղինակավոր ակումբներում է հանդես եկել ֆուտբոլիստն ու ինչ հաջողությունների է հասել:

Սմիթը նշում է, թե որքան ծանր է տրվել Մխիթարյանին Հայաստանը լքելու և «Մետալուրգ» տեղափոխվելու որոշումը:

«Ես չէի ուզում հեռանալ: Ընտանիքիցս այդքան հեռու գտնվելն ինձ համար իսկական մարտահրավեր էր, բայց միևնույն ժամանակ երազում էի խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկում, լավագույն մարզադաշտերում, լավագույն մրցակիցների դեմ»,-մեջբերում է ֆուտբոլիստի խոսքը հեղինակը:

Սմիթի կարծիքով՝ փոքր և աշխարհում մեծ ազդեցություն չունեցող երկրներից ելած առաջնակարգ մարզիկների վրա կրկնակի բեռ է դրված. նրանք ոչ միայն պետք է ցուցադրեն իրենց մարզական տաղանդը, այլև պետք է յուրատեսակ դեսպան դառնան ու աշխարհին ներկայացնեն իրենց ազգը, դառնան երկրի դեմքը:

«Այաքս»-ի հետ հանդիպումից առաջ Մխիթարյանը նշել է, որ իրեն շատ հաճելի կլինի, եթե հաղթանակի դեպքում մարդիկ բացահայտեն Հայաստանը:

Շարունակելով Հայաստանի թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանը միշտ էլ հպարտանում է հայ լինելու փաստով:

Հիշեցնենք, որ երեկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հանդիպել է հոլանդական «Այաքս»-ի հետ ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:

Հաղթական գոլերը մրցակցի դարպասն են ուղարկել կիսապաշտպան Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը:

armsport.am