ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ավարտել է Լև Տոլստոյի անվան 128 հիմնական դպրոցը: Tert.am-ը այցելել է դպրոց, խոսել տնօրենի և նրան դասավանդած ուսուցչուհու հետ: «Հրաշալի, պարկեշտ, բանիմաց, չափազանց օժտված աշակերտ է եղել Կարեն Կարապետյանը»,-ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը։ Նա նաև նշեց, որ վարչապետը միշտ հետաքրքրվել է դպրոցի ձեռքբերումներով, օգնել է. քաղաքապետ եղած ժամանակ «Օգնիր դպրոցին» ծրագրով 3 միլիոն դրամ է հատկացվել դպրոցին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պատմության ուսուցչուհի Նելլի Պետրոսյանը ևս նշեց, որ վարչապետը հրաշալի աշակերտ է եղել:
«Զգացվում էր, որ իր համար հեշտ չէր ամենը հաղթահարել, բայց միաժամանակ դա այնպիսի սիրով էր անում, որը կողքից նույնիսկ նկատելի չէր և նույն ձևով աշխատում է մինչ օրս: Որտեղ դժվարություն կա, Կարենն այնտեղ է»,-ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանին դասավանդել է 8-10-րդ դասարաններում:
Նա պատմեց, որ վարչապետը գերազանց է սովորել: «Նա հիանալի ընկեր էր, և մշտապես օգնում էր այն ընկերներին, որոնք չէին հասցնում դասերում կամ ինչ-որ դժվարություն ունեին, բոլորին էր օգնում, կարծես այդպես էլ պետք է լիներ: Դա ինձ շատ էր դուր գալիս՝ հետևել, թե ինչպես են ընկերություն անում: Բոլորն այսօր խոսում են Կարենի մասին… Մենք ուզում ենք ամեն ինչ և միանգամից, բայց պետք է հասկանանք, որ եթե շատ ենք ուզում, ուրեմն պետք է նրան էլ օգնենք, որովհետև միայնակ նրա համար դժվար է»,- ասաց նա:
Նելլի Մարտիրոսյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը առարկաների մեջ տարբերություն չէր դնում, սիրում էր լեզուները: