Երևանի «Ալաշկերտի» 29-ամյա կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրի՝ Գյումրիի «Շիրակի» հետ անցկացրած խաղից հետո «ArmSport.am»-ի թղթակցի հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
«Ալաշկերտը», հիշեցնենք, 3:1 հաշվով հաղթանակ տարավ և առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկրորդ տարին անընդմեջ հռաչկվեց Հայաստանի չեմպիոն.
«Շատ ուրախ ենք այս չեմպիոնության առթիվ, բոլորս այսօր առավելագույս տրամադրված էինք այս խաղին, սա մեզ համար, կարելի է ասել, ամենակարևոր խաղն էր: Կարծում եմ՝ հաջող ստացվեց, երկրպագուների համար էլ դիտարժան խաղ ստացվեց: Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ ընթացիկ առաջնությունից»,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Գրիգորյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ շնորհիվ է իր թիմը երկրորդ տարին անընդմեջ կարողանում անհասանելի դառնալ մրցակիցների համար, Գրիգորյանը նախևառաջ կարևոր փորձառության գործոնը.
«Կարծում եմ՝ փորձառու տղաների, ղեկավարության և մարզչական շտաբի շնորհիվ: Բոլորիս նպատակն ամեն խաղում հաղթել էր, նպատակասլացության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել այս արդյունքին»:
Արտակ Գրիգորյանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Արդյոք զգացողությունները տարբե՞ր են.
«Բնական է՝ երկրորդ, երրորդ անգամ այլ կերպ ես պատկերացնում չեմպիոնությունը: Ամեն դեպքում, Հայաստանի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է»:
29-ամյա ֆուտբոլիստն «Ալաշկերտի» այն 4 ֆուտբոլիստներից մեկն է, որն Արթուր Պետրոսյանի կողմից հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական, և Մոնտենեգրոյի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղերին: Ֆուտբոլիստը նաև նշեց, որ միանգամայն պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգնելու հավաքականին.
«Իմ նպատակն ու երազանքներից մեկն Ազգային հավաքականում լավ հանդես գալն է: Փառք Աստծո, վնասվածք չունեմ, ամեն ինչ նորմալ է, իմ շանսը ստանալու դեպքում լիովին պատրաստ եմ օգնել հավաքականին առաջիկա խաղերում: Կներդնեմ իմ ողջ ուժերը»,- եզրափակեց իր խոսքը Արտակ Գրիգորյանը: