Երևանի ժամանցային վայրերից մեկում, երեկ՝ մայիսի 27-ին, երգչուհի Քրիստինե Պեպելյանը իր ընկերներին և հարազատներին ներկայացրեց «Կամաց-կամաց» տեսահոլովակի պրեմիերան:
««Կամաց-կամաց» երգը ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ այն լիրիկական ոճի երգ է: Այն կյանքի մասին է ու պատմում է, թե ինչպես են մարդիկ կամաց-կամաց հեռանում իրարից: Երբ առաջարկեցին ինձ այս երգը, ուզում էի մերժել, բայց հետո մտափոխվեցի և հիմա դրա համար չեմ զղջում: Իսկապես, տաղանդավոր և լավ թիմ ունեմ կողիս: Նրանց շնորհիվ կարողացա հետաքրիր աշխատանք ստանալ»,- ասաց Քրիստինեն:
«Կամաց-կամաց» երգի հեղինակներն են` Գուրո Գասպարյանն ու Նարեկ Ստամբուլթյանը։ Տեսահոլովակը Փարիզում նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը:
«Իրականում, ոչ մի ռեժիսորական դժվար լուծումներ, մեծ գաղափարներ չեն եղել: Այն շատ պարզ է ու սովորական: Տեսահոլովակում գլխավորը Քրիստինեն է և իր հոգեվիճակը: Փորձել եմ շատ պարզ և մինիմալիստական ձևով նկարել Փարիզը: Մեր նպատակն էր, որ շեշտը դրվի ոչ թե Փարիզի, այլ երգչուհու հեգեվիճակի վրա: Ի դեպ, նշեմ Քրիստինեի մոտ շատ լավ էր ստացվում: Նրա առաջ խնդիր չի դրվել: Նա ներկայացել է այնպես, ինչպես ինքն է զգում: Քրիստինեն շատ արտիստիկ է: Այդ հարցում դժվարություն չենք ունեցել»,- ասաց Արթուրը:
Վերջինս նշեց, որ տեսահոլովակը նկարահանել են մեկ օրվա ընթացքում: Մարդաշատ Փարիզը նկարել են դատարկ: «Նկարահանումները անցել են շատ լավ: Ոչ մի խոչընդոտի չենք առընչվել: Այն ինչ ծրագրել էինք ստացանք և վերադարձանք Երևան»,- հավելեց ռեժիսորը:
«Կամաց-կամաց» երգի պրեմիերային ներկա էին հայկական շոու բիզնեսի մի շարք արտիստներ. Ավետ Բարսեղյանը, Արամեն, Աննա Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Վիկա Մարտիրոսյանը, Հրաչուհի Ութմազյանը, Արփի Գաբրիելյանը, Դիանա Շատվերյանը, Սարո Թովմասյանը և այլք:
Տեսահոլովակի ցուցադրությունից հետո Քրիստինե Պեպելյանը ներկաներին իր երգացանկից մի քանի կատարում նվիրեց, որից հետո երեկոն շարունակվեց DJ-ի սեթերով:
Ամբողջությամբ՝ life.tert.am