ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հայտարարեց, որ որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար ։ Որոշումն ընդունվել է մայիսի 26-ին, ԿԲ խորհրդի՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում։
Պաշտոնակական հաղորդագրության մեջ նշվում է, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։
Սակայն շատերի համար պարզ չէ՝ ինչ է կոմպոզիտային թղթադրամը և ինչով է այն տարբերվում սովորական թղթադրամներից։
Պոլիմերային կամ պլաստիկե թղթադրամներ
Պոլիմերային կամ պլաստիկե թղթադրամների արտադրությունն ավելի թանկ է, սակայն դրանք ավելի ձեռնտու են, քանի որ ծառայության ժամկետն ավելի երկար է, ուշ են մաշվում։
Թղթից պատրաստված դրամների նկատմամբ ունեցած առավելություններից մեկն էլ այն է, որ դրանք ավելի մաքուր են. պլաստիկը կանխում է խոնավության, քրտինքի և կեղտի ներծծումը։
Արտադրությունն, ինչպես նշեցինք, ավելի թանկ է՝ հումքանյութի գնի պատճառով, սակայն արտադրության գործընթացն ավելի պարզ է։
Օգտագործված դրամների վերամշակումն ու հետագա օգտագործումը նույնպես ավելի հեշտ է։
Եվ վերջապես, նոր տեսակի դրամներն ավելի ապահով են՝ կեղծելու ռիսկի առումով։ Նոր տեսակի դրամները, բացի պաշտպանության ավանդական միջոցներից, հագեցած են պաշտպանիչ այնպիսի հնարավորություններով, որոնք անհնար է կիրառել թղթի դեպքում։
Առաջին պլաստիկե դրամներն ի հայտ են եկել դեռ 1980-ականներին՝ Կոստա-Ռիկայում, Հայիթիում և Մեն կղզում։ Դրանք տպագրվել էին «թայվեք» կոչվող պոլիմերային նյութի վրա, որը մշակվել էր DuPont ընկերության կողմից։
Սակայն Կոստա-Ռիկայում և Հայիթիում կարճ ժամանակ անց որոշեցին հրաժարվել նոր դրամներից, քանի որ արևադարձային կլիմայի պատճառով ներկը մաքրվում էր պլաստիկի վրայից։
Նոր տեսակի ժամանակակից բոլոր դրամները պատրաստվում են Guardian մակնիշի պոլիպրոպիլենային նյութից։
Առաջին այդ տիպի դրամները մշակվել են Ավստրալիայն պահուստային բանկի և Գիտական և արդյունաբերական հետազոտությունների հասարակական կազմակերպության կողմից (Commonwealth Scientific and Industrial Research Organisation):
Նոր տեսակի թղթադրամներ այժմ շրջանառվում են 50-ից ավելի երկրներում։