Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ է դարձել: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել է քաղաքի ոստիկանությունը:
«Ջրահարսը դարձել է վանդալիզմի ակտի զոհ, ծածկված է ներկով»,- հաղորդվում է Կոպենհագենի ոստիկանության թվիթերում:
Politiken օրաթերթի թվիթերում հրապարակված լուսանկարում երևում է, որ հռչակավոր արձանն իրոք ծածկված է ներկով, իսկ դրա կողքին ասֆալտի վրա նույն ներկով գրված է. «Դանիա՛, պաշտպանիր Ֆարերյան կղզիների կետերին»: Ֆարերյան կղզիներում վաղ ժաանակներից բարգավաճում է գրինդաների՝ սև դելֆինների սպանության «ավանդույթը»: Կենդանիների իրավունքների պաշտպանները երկար տարիներ փորձում են պայքարել դրա դեմ:
Սկսած 1960-ական թվականների կեսերից արձանը բազմիցս վանդալիզմի օբյեկտ է դարձել տարբեր պատճառներով, բայց ամեն անգամ դրա սկզբնական տեսքը վերականգնել են: Այն մի քանի անգամ զրկել են գլխից, կտրել ձեռքը, ներկ են լցրել, պայթեցրել, կողմնակի առարկաներ ամրացրել վրան: