Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
Advertisement 1000 x 90

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմայով:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը,  «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիդջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մակագրվել: Երբ փոքր ժամանակ նայում էի Օլիմպիական խաղերի նամականիշները, չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ նկարով էլ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ,  հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հաղթական մարտից հատվածներ, ինչպես նաև՝ իր նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը: Նամականիշի չափսերն են` 38,0 մմ, շրջանակային, գեղաթերթիկի չափսերը` 120,0 x 75,0 մմ։ Տպաքանակը՝ 20 000 հատ։

Գեղաթերթիկի ձևավորման հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: