Հայաստանում է շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, 1995 թվականին առաջին արտաարեգակնային մոլորակի՝ Պեգաս 51b-ի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիր (2010թ.), Ժնևի աստղադիտարանի պրոֆեսոր Միշել Մայորը։
«Բյուրականի աստղադիտարանը միշտ էլ հայտնի է եղել Վ. Համբարձումյանի շնորհիվ՝ հատկապես ակտիվ գալակտիկաների ուսումնասիրման առումով, սակայն տարիներն անցնում են ու, բնականաբար, այս ոլորտում էլ են փոփոխություններ կատարվում: Այժմ կարևոր է արտաարեգակնային մոլորակների հարցը: Լավ կլինի, որ այդ ուղղությամբ համագործակցություն լինի: Հիմա 1000-ավոր աստղագետներ են աշխատում այս ոլորտում: Արդեն հայտնաբերվել է նման մոտ 3600 մոլորակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միշել Մայորը:
Աշխարհահռչակ գիտանականը չի պլանավորում արտաարեգակնային մոլորակների հետ գործ ունենալ.
«Միայն հեռվից»,- կատակեց նա ու հավելեց.
«Այս փուլում փորձում ենք գտնել կյանքի կենսաբանական նշաններ՝ ջուր, թթվածին և այլն»:
Ինչ վերաբերում է առաջին արտաարեգակնային մոլորակը հայտնաբերելու ժամանակ իր զգացողություններին՝ Մայորը պատասխանեց.
«Մոլորակի հայտնաբերումը մեկ օրվա գործ չէ: Աշխատում ես երկար ամիսներ, վերլուծում՝ արդյո՞ք սա մոլորակ է, թե՝ ոչ: Չնայած, գիտեք, յուրահատուկ պահն էլ գուցե այն է, որ քո ուզածն արեցիր ու այո՛, առաջինն ես»:
Միշել Մայորի խոսքով՝ պետք է փորձել Հայաստանում զարգացնել նաև աստղակենսաբանությունը:
Անի Կարապետյան