Էդվարդ Փիթեր Ջերեջյանը (Edward Djerejian) եզակի դիվանագետ է, որը հասցրել է աշխատել ԱՄՆ 8 նախագահների վարչակազմներում: Նա իր կարիերան սկսել է Ջոն Ֆ. Քեննեդիի նախագահության ժամանակ և հեռացել Բիլ Քլինթոնի ժամանակ:
Էդվարդ Ջերեջյանը ծնվել է 1939թ. մարտի 6-ին Մերիլենդում: Ջերեջյանի ծնողները ներգաղթյալ հայեր են եղել, որոնք փրկվել են Օսմանյան կայսրության ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունից:
Ավարտելով դպրոցը՝ Էդվարդ Ջերեջյանը 1955թ. ընդունվել է Ջորջթաունի համալսարան: 1960-ից ծառայել է Կորեայում՝ ԱՄՆ բանակի շարքերում: 1962թ. դարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Բոլլիի տեղակալը: 1966-1972թթ. Էդվարդ Ջերեջյանը աշխատել է Բեյրութում ու Կասաբլանկայում:
1975-1977թթ. ծառայել է Բորդոյում գլխավոր հյուպատոս:
Նա քաղաքագետ է, գիտի անգլերեն, հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Հենց ռուսերենի իմացությունն է նրան օգնել 1979-1981թթ. ղեկավարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժինը: Նա դեռ մինչ Մոսկվա ժամանելը հասցրել էր ծանոթանալ իր հայրենակցի՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Անաստաս Միկոյանի հետ:
«1963թ. Միկոյանը հանդիպում ուներ ԱՄՆ պետքարտուղար Դին Ռասկիի հետ Վաշինգտոնում: Հայրս ինձ շատ էր պատմել այն մասին, որ ԽՍՀՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների թվում մեկ մեծ հայ կա: Ես մտածում էի, որ լավ կլիներ նրա հետ ծանոթանալ: Որոշեցի նրան սպասել միջանցքու ու երբ նա դուրս եկավ, ես ձեռքս մեկնեցի և ազգանվանս փոխարեն ասացի՝ ես հայ եմ: Միկոյանը շատ էր զարմացել»,- պատմել է լրագրողներին Ջերեջյանը:
ԽՍՀՄ-ում դիվանագիտական ծառայությունից հետո Ջերեջյանին 1981թ. ուղարկել են Մերձավոր Արևելք՝ որպես Հորդանանում ամերիկյան առաքելությունում ղեկավարի տեղակալ: 1989-1991թթ. ականավոր դիվանագետը եղել է Սիրիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:
1993-1994թթ. նա Իսրայելում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Նա միակ հայն է, որը ԱՄՆ շահերը ներկայացրել է այդքան բարձր մակարդակով Սիրիայում ու Իսրայելում:
Դիվանագիտական կարիերայից հետո Էդվարդ Ջերեջյանին վստահել են Ռայսի համալսարանում (Տեխաս նահանգ) Ջեյմս Բեյքերի անվան գիտահետազոտական ինստիտուտը:
2003թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմը դիվանագետին առաջարկեց հասարակական դիվանագիտության և ծրագրերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը վերաբերել է արաբական և իսլամական աշխարհին:
Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչև 2008թ., ինչից հետո դարձյալ վերադարձավ ակադեմիական հետազոտություններին:
Նա ընտրվել է «Օքսիդենտալ Պետրոլիում» կորպորացիայի տնօրենների խորհրդի անկախ նախագահ (2013-2015թթ.): Ջերեջյանը «Վտանգ և հնարավորություն․ ԱՄՆ դեսպանի ճամփորդությունը Մերձավոր Արևելքով» գրքի հեղինակն է:
Դեսպան Ջերեջյանը արժանացել է նախագահի վաստակավոր ծառայող մրցանակին, Պետքարտուղարության վաստակավոր պատվո մրցանակին, նախագահի երախտիքի արժանի ծառայող մրցանակին, ստացել հեղինակավոր Էլլիս կղզու պատվո մեդալ, 2009-ին՝ Ռայսի շրջանավարտների ասոցիացիայի ոսկե մեդալ՝ ի նշան համալսարանին մատուցած բացառիկ ծառայության։
2011թ. Ջերեջյանն ընտրվել է Մշակույթի և գիտության ամերիկյան ակադեմիայի՝ երկրի հնագույն և ամենահեղինակավոր հասարակության և անկախ քաղաքականության հետազոտական կենտրոններից մեկի անդամ։
Դիվանագետն ունի Ջորջթաունի համալսարանի գիտության բակալավրի և հասարակական գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան, ինչպես նաև Միդլբուրի քոլեջի իրավաբանական գիտությունների պատվավոր դոկտոր աստիճան:
b4b.am