Sputnik լրատվական գործակալության և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի՝ ռուսական լրատվամիջոցներին ուղղված քննադատական մեկնաբանությունները:
«Սա արդեն անքաղաքավարություն է»,-Twitter-ում գրել է Սիմոնյանը՝ ցանկություն հայտնելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը դադարի ստեր տարածել RT-ի և Sputnik-ի վերաբերյալ:
Մարգարիտա Սիմոնյանի խոսքերով, եթե իրենք էլ առաջնորդվեն Մակրոնի տրամաբանությամբ, ուրեմն պետք է Ռուսաստանից հեռացվեն բոլոր արևմտյան լրատվամիջոցները, քանի որ դրանք բոլորն էլ դեմ են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ու իրականացնում են ռուսական ընդդիմության քարոզը՝ այդպիսով փորձելով միջամտել ընտրություններին:
Ավելի վաղ Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի ժամանակ, դեռևս երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդ Մակրոնը մեղադրել էր Sputnik-ին և RT-ին իր մասին կեղծ լուրեր տարածելու համար: Սիմոնյանն ընդգծել է նաև, որ որևէ ապացույց չկա թե RT-ն երբևիցե կեղծ տեղեկություն է տարածել: Նա հավելել է, որ RT-ն պատրաստվում է դատարան դիմել:
russian.rt.com