Այսօր աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս գեղեցիկ տոնը հաստատվել է 1949 թվականին՝ Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից, և առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Life.panorama.am–ի հետ զրույցում փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը պատմել է թե ինչպես է տոնը նշվում Ֆրանսիայում: Ի դեպ՝ երգչուհու համար այս տարի հունիսի 1-ը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ այն նշում է որդու՝ 6 ամսական Դավիթի հետ:
«Սա իմ կյանքի առաջին հունիսի 1-ն է, որ Երեխաների միջազգային տոնը նշում եմ իմ բալիկի հետ: Ճիշտ է՝ նա դեռ փոքր է, շատ բան չի հասկանում, բայց սա ինձ համար ևս մեկ առիթ է նրա մանկությունը գունավորելու համար»,- նշեց Արևիկն ու շարունակեց.
«Քանի որ ամուսինս աշխատանքի է, միայն ես ու տղաս կնշենք տոնական օրը: Մենք նախ կգնանք որևէ խանութ՝ նրան խորհրդանշական նվեր գնելու, ապա կայցելենք Փարիզի գեղեցիկ այգիներից մեկը, որտեղ հաստատ շատ ու շատ երեխաներ կլինեն: Ի դեպ, թեև Դավիթը դեռ 6 ամսական է, բայց երեխաներ շատ է սիրում, իրեն երջանիկ է զգում, երբ շրջապատված է փոքրիկներով: Անկեղծ ասաց, ծրագրում էի, որ այսօր ընտանիքով գնայինք Դիսնեյլենդ՝ մանուկների ամենասիրելի վայրը, սակայն Դավիթս դեռ փոքր է, ուստի Դիսնեյլենդ այցելությունը մեկ տարով կհետաձգենք»:
Արևիկ Ալավերդյանի խոսքով՝ Փարիզում մեծ ոգևորությամբ է նշվում այս տոնը.
«Ինչպես ամենուր, Փարիզում ևս այսօր տոնական տրամադրություն է: Ի վերջո, տոնը առաջացել է հենց Փարիզում, ուստի այսօր ամենուր կարելի է տեսնել երեխաների ուրախ դեմքեր ու լսել նրանց անհոգ ծիծաղի ձայները: Այստեղ ամեն բան արվում է երեխաների տոնը գունեղ ու հետաքրքիր անցկացնելու համար»,- հավելեց երգչուհին:
Դե իսկ զրույցի վերջում գեղեցկուհի մայրիկն իր շնորհավորանքը հղեց աշխարհի բոլոր մանուկներին.
«Աստծուն խնդրում եմ, որ աշխարհում ոչ մի մանուկ հիվանդ ու անտուն չլինի: Թող որ բոլոր փոքրիկները ընտանիք ու գեղեցիկ մանկություն ունենան: Սա ինձ համար ամենակարևորն է: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի երեխաներ»,- ավարտեց Արևիկ Ալավերդյանը: