Հունիսի 1–ին` Երեխաների պաշտպանության օրը, թերևս, բոլոր ծնողները փորձում են իրենց երեխաների օրը տոն դարձնել։ Իրենց երեխաների հետ դուրս են գալիս զբոսանքի, տանում խաղահրապարակներ կամ միջոցառումներ։ Tert.am Life–ը կապ հաստատեց «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի հետ և զրուցեց, թե ինչպես են սկսել օրը և ինչպես են անցկացնելու երեխաների օրը։
«Փոքրերս առավոտ կանուխ արթնացան և ոգևորված գնացին քոլեջ։ Այնտեղ իրենց ուրախ օր էր սպասվում. տիկնիկային թատրոն, մուլտհերոսներ, երգ ու պար։ Հիմիկվա երեխաները շատ խելացի են։ Շատ լավ են գիտակցում, որ հունիսի 1–ը իրենց տոնն է։ Միջնեկ աղջիկս այնքան վաղ էր արթնացել, որ անհամբեր սպասում էր, երբ է լույսը բացվելու, որ գնան քոլեջ։ Տոնական հագնված գնացին քոլեջ, լավ իմանալով` ինչ է իրենց սպասվում այնտեղ։ Ես նրանց հետ չեմ եղել։ Մեգիի հետ գնացել եմ բարեգործական միջոցառումների։ Այս տարի նույնպես Մեգին մի շարք միջոցառումների է մասնակցում»,– ասաց Իրինան։
Վերջինս նշեց, որ Ալվինան և Մարիան քոլեջից հետո դայակի հետ դուրս կգան զբոսանքի, հետո կգնան քնելու, իսկ երեկոյան կգնան համերգ, որտեղ Մեգին երգելու է։
«Սուտ կլինի, եթե ասեմ հեշտ է երեք երեխա դաստիարակել։ Բայց այնքան հաճելի է այդ ամբողջ գործընթացը, որ պետք է ծնողները դրա մասին չմտածեն։ Բնական է, որ երեխային ամեն օր ամեն բան պետք է սովորեցնես։ Պուճուրներս շատ աշխույժ են, երբ համեմատում եմ Մեգիի մանկության հետ, տարբերությունն ակնհայտ է։ Մեգին շատ խելոք ու լսող է եղել։ Իրենց հետ դժվար է, բայց միևնույն է այդ ամենը երջանկություն է»,– նշեց Իրինան։
Գեղեցկուհի մայրիկի խոսքով` դաստիարակման լավագույն մեթոդը բարությունն է։ «Երեխան պետք է մինչև կյանքի վերջ գիտակցի, որ մայրիկն ամենաբարին է, նա ամենալավն է ցանկանում։ Ծնողն էլ պետք է բարկանալու դեպքում սահմանը չանցնի։ Մի գուցե շատերի համար ես ճիշտ չեմ, բայց սա իմ կարծիքն է։ Երեխային պետք է թողնես ազատ, որ իրենք իրենց ուզածն անեն։ Այս դարում երեխաներին պետք չէ սահմանափակել ու ընկճել»,– հավելեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am