Երեկ` հունիսի 1-ին, դերասան Նիկոլայ Եղիազարյանը նշանադրվել է: Նիկոլայի ընտրյալը` Հելեն Հովհաննիսյանը, թեև ապրում է ԱՄՆ-ում, սակայն զույգը ծանոթացել է Երևանում։ Asekose.am-ը զրուցել է Նիկոլայի հետ` արարողության մանրամասների, ընտրյալի հետ ծանոթության և սպասվող հարսանիքի մասին:
«Գրեթե 1 տարի է, ինչ շփվում ենք: Մենք ծանոթացել ենք Երևանում, հետո շփումը շարունակել ենք սոցցանցերով, և այդ շփումը հասցրեց նրան, որ նշանադրվեցինք և պատրաստվում ենք ամուսնանալ: Թերևս, այսպես էր նախատեսված ի սկզբանե, ինչի համար շատ ուրախ եմ: Արարողությունը շատ մտերիմ միջավայրում է եղել, կարելի է ասել` երկկողմանի ընտանեկան միջավայրում ենք նշել»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Նիկոլայը:
Այն հարցին` ինչպես է Հելենը վերաբերում իր մասնագիտությանն ու երկրպագուհիներին, դերասանը նշեց.
«Նա շատ լավ է վերաբերում իմ մասնագիտությանը, դեռ շատ լավ (ժպտում է), շատ ավելի ոգևորված է: Այդ առումով որևէ խնդիր չկա, և չեմ կարծում, որ երբևէ կլինի, քանի որ գիտակցված ու հասուն տարիքում ենք գտնվում, գիտակցված ու հասուն զգացմունք կա մեր մեջ»:
Զրույցի ընթացքում Նիկոլայը նշեց, որ հարսանիքը չի ուշանա.
«Շուտով պատրաստվում ենք հարսանիքի, հայրս այստեղ չէ, երբ գա, իրադարձություններն ավելի պարզ կլինեն, և ամեն ինչ ավելի հստակ կլինի: Հարսանիքը լինելու է Երևանում, դեռ չեմ կարող ասել` ինչ մասշտաբների, բայց կարծում եմ ավելի մտերմիկ շրջանակներում»,- պատմեց դերասանը:
Այն հարցին` արդյո՞ք ամուսնությունից հետո դերասանը կտեղափոխվի ԱՄՆ` մշտական բնակություն հաստատելու, Նիկոլայը նշեց.
«Մեր միասին լինելն ընդհանրապես կապ չունի գնալ-գալու հետ: Միգուցե, ես գործի բերումով պարբերաբար մեկնեմ: Բայց միանշանակ ու հստակ գիտեմ մի բան, որ ես իմ ապագան պատկերցնում եմ Հայաստանում, երբեք ընդմիշտ չեմ գնալու այստեղից»: