Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ` հունիսի 1–ին, կայացավ «Քեզ համար` Ազնավուր» համերգային ծրագիրը, որին ներկա էր հենց ինքը` մեծանուն մաեստրո Շառլ Ազնավուրը, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Համերգային ծրագրին մասնակցում էին մի շարք հայ արտիստներ`Արամեն, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Անդրեն, Արման Նշանյանը, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը, Մհերը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Գրիգոր Կյոկչյանը և այլք։ Նրանք կատարեցին Շառլ Ազնավուրի երգերը։
«1989 թվականին համերգներից մեկի ժամանակ, երբ հայ արտիստներով կատարեցինք «Քեզ համար Հայաստան» երգը, Շառլ Ազնավուրը դահլիճում էր։ Նրա հետ առաջին հանդիպումն այդպես է եղել։ Բեմից եմ տեսել նրան։ Կարծում եմ` ինձ այսօր բախտ կվիճակվի սեղմել նրա ձեռքը։ Եթե թույլ տա, ուզում եմ մի լուսանկար ունենալ իր հետ։ Դա ինձ համար մեծագույն երջանկություն կլինի։ Նա ֆանտաստիկ արտիստ է։ Ինձ համար Շառլ Ազնավուրը բացառիկ արտիստ լինելուց բացի պատմիչ է` վոկալային պատմիչ։ Ամեն մեկը չէ, որ կարողանում է երգը պատմել։ Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս համերգին և կատարելու եմ նրա երգերից Je t’attends–ը, որը ոչ միայն հանդիսատեսի սիրելի երգն է, այլև իր։ Փորձելու եմ կատարել այնպես, ինչպես կկարողանամ։ Ով ուզում է երգի, ինչ ուզում է անի, մաեստրոյի կատարումները, ձայնը, հնչյունը, խոսքն ու հայացքն անզուգական են»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասաց Արամոն։
Երգիչ, դերասան Արման Նշանյանն էլ բեմելից առաջ հուզված էր։ Նրա խոսքով` Շառլ Ազնավուրի երգերը կատարելը այդքան էլ հեշտ չէ։ «Դու պետք է ամբողջությամբ մտնես այդ կերպար մեջ, որ կարողանաս երգել։ Նրա բոլոր երգերն էլ շատ հուզիչ են։ Թերևս, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։ Մաեստրոն դրանք ապրելով է ներկայացնում։ Կարծում եմ` իր հաջողությունը հենց դրանում է, ինքը ոչ թե երգում է նոտաներ, այլ երգով պատմում է այդ կերպարի վիճակը և պատմությունը»,– հավելեց Արման Նշանյանը։
Երգիչ Արամեն էլ նշեց, որ մեծ պատասխանատվության զգացում ապրեց, երբ բեմում կատարեց Շառլ Ազնավուրը երգը։ «Շատ հետաքրքիր և նոր զգացողություններ ունեցա։ Առաջին անգամը չէ, որ Շառլ Ազնավուրի երգերից եմ կատարում։ Նրա գործերից կատարել եմ հեռուստանախագծերից մեկի ժամանակ։ Բայց կենդանի կատարմամբ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, առաջին անգամ էի կատարում։ Դա ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Այն միտքը, որ Շառլ Ազնավուրը տեսնում ու լսում է քեզ, իհարկե, պատասխանատվության զգացողությունը չափազանց մեծ է»,– ավելացրեց Արամեն։
Երգիչը նաև հավելեց, որ թեպետ երգի խոսքերը անգիր էր արել, բայց ձեռքի տակ ուներ «ծածկագիր»։ «Իմանալով, որ հուզմունք կլինի և հնարավոր է` բառերը մոռանամ` երգի բառերն ինձ հետ վերցրեցի։ Հենց այդպես էլ եղավ, դիմեցի օգնության»,– եզրափակեց Արամեն։