Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: «Կլիմայի փոփոխությունը ոչ թե եվրոպական, այլ գլոբալ խնդիր է: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, իսկ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը»,- ասել է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ ԵՄ-ՉԺՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն ընդգծել է Փարիզի համաձայնագրի կատարման կարևորությունը: «Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»,- հայտարարել է նա:
Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ եթե ԱՄՆ-ից հետո Փարիզի համաձայնագրի կատարումից հրաժարվի նաև Չինաստանը, ապա այն, փաստորեն, կիմաստազրկվի: Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչև 2100 թվականը մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի: Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետևանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:
2016 թվականի ապրիլի 22-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025 թվականը արտանետումների մակարդակը 10-ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26 – 28 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: