Երկու երեխաներ մայրիկ երգչուհի Նելլին Life.panorama.am-ին պատմել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը իրենց ընտանիքում տիրող տոնական տրամադրության ու անելիքների մասին:
«Մենք ամեն տարի պարտադիր նշում ենք երեխաների տոնը, նվերներ գնում ու տարբեր ժամանցային կենտրոններ այցելում, սակայն այս տարի մեր ընտանեկան գրաֆիկը մի փոքր շեղում կունենա, քանի որ աշխատանքի բերումով առաջին հերթին պետք է զբաղվեմ համերգային ծրագրով, որն այսօր կկայանա «Դալմա գարդեն մոլում»: Դրանից հետո ևս մեկ համերգային ծրագիր կկայանա արդեն «Տաշիր» մոլում. այնպես որ, բոլորին հրավիրում ենք մեզ հետ այս գեղեցիկ տոնը նշելու: Ի դեպ՝ այս համերգներն ինքս եմ կազմակերպել՝ նվիրված բոլոր երեխաներին, դե իսկ ավելի ուշ իմ երեխաների հետ կնշենք տոնական օրը»,- պատմեց Նելլին:
Ամիսներ առաջ երգչուհին ևս մեկ դուստր լույս աշխարհ բերեց: Արդեն երկու դստրիկների մայրիկը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի ամիս է, ինչ իրենց տանը ամեն բան երկու մասի է բաժանվում.
«Սկսած ժամանակից, մինչև նվերներ՝ մեր տանը ամեն բան երկու մասի է բաժանվում: Ես ու ամուսինս փորձում ենք մեր ուշադրությունը հավասարաչափ բաշխել մեր երեխաների միջև, որպեսզի ոչ մեկը չտուժի և իրեն ընտանիքում շատ կարևոր զգա: Այսօր էլ մեր աղջիկներն իրենց նվերներն ունեն: Ես ու ամուսինս երբեք չենք մտածում, որ մեր փոքրիկ աղջիկը դեռևս շատ բաներ չի հասկանում, նրան երբեք աչքաթող չենք անում, ու մեր աղջիկներից ամեն մեկին համապատասխան նվերներ ենք ընտրում:
Նելլին երջանիկ է ու շնորհակալ Աստծուն, որ զգում է մայրության բերկրանքը: Իր ու աշխարհի բոլոր երեխաներին երգչուհին ամենակարևորն է մաղթում.
«Շնորհավորում եմ բոլոր բալիկներին այս գեղեցիկ օրվա առթիվ: Ուզում եմ, որ մեր փոքրիկները մեծանան սիրո ու համերաշխության մթնոլորտում, լինեն առողջ ու վայելեն իրենց անհոգ և ուրախ մանկությունը»,- ավարտեց երգչուհին: