Ասում է Դիանա Գրիգորյանը
«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալի անսպասելի ընդհատումը տարբեր շահարկումների պատճառ դարձավ: Հակասող խոսակցությունները ֆիլմի վերահեռարձակման շուրջ մինչ օրս շարունակվում են: Այդ առթիվ մենք զրուցեցինք հեռուստասերիալի կնքամայր, սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ:
«Մամուլում գրվել էր, թե ֆիլմի ցուցադրումն ավարտվեց, որովհետև նրանք ֆինանսներ չունեին: Դա անմտություն է, մենք ֆինանսական խնդիր չենք ունեցել, բավականին մեծ գումար ենք ծախսել 18 սերիաների համար, և դերասանական անձնակազմի հետ անհամաձայնություններ չենք ունեցել»: Դիանայի խոսքերով, այդ լուրերից շատերն են անհանգստացել և անընդհատ զանգել- հարցրել են, թե ե՞րբ է սկսվելու երկրորդ եթերաշրջանը: «Այս դադարն ու արձագանքները մեզ համոզեցին, որ ֆիլմը սիրվել է անգամ գիտաշխատողների, մանկավարժների, նաև արվեստի բնագավառի մարդկանց կողմից, ինչը մեզ շատ ուրախացնում և ոգևորում է»,- ասում է Դիանան: Մարտ ամսվա ընթացքում կվերսկսվի բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումը, որն անվանել են «Ճակատագրի գերիները-2008»: Ֆիլմի առաջին մասի ցուցադրումն ավարտվել է, որովհետև պաշար ունենալու հարցում ստեղծագործական խմբի կողմից սխալ նախահաշվարկներ են արվել: «Ի սկզբանե նման միտում չի եղել, որ առաջին սեզոնից հետո դադար առնենք: Մեզ թվում էր՝ կհասցնենք, բայց չէինք գիտակցում՝ որքան լուրջ աշխատանք է մեզ սպասվում, ինչը բերեց այդ արդյունքին: Հիմա հասկացել ենք, որ գոնե 12 սերիա, այսինքն, մեկ ամսվա պաշար պետք է ունենալ, նոր ֆիլմը մատուցել հեռուստադիտողին: Այդ ընթացքում եղավ 2 դեպք, երբ չկարողացանք ավարտել հերթական սերիան, և փոխարենը հեռարձակվեց կրկնություն: Դրա համար մեծ ցավ էինք ապրում, որովհետև աշխատել էինք մինչև հեռարձակման ժամը»,- պատմում է Դիանան: Նա ասում է, որ ֆիլմը դասական սերիալների շարքին է դասվում (ինչպես «Փախուստ բանտիցը») և կապույտ-կանաչ գունային գամմայի մեջ է ներկայացված. «Կարծես թե այսօր հայ հանրությունը պատրաստ չէր նման սերիալներ դիտելու, որովհետև սոցհարցումները ցույց են տվել, որ մարդկանց դուր են գալիս ավելի պարզ, դյուրամարս սերիալներ… Այդ սառույցը կոտրեց «Ճակատագրի գերիները» բազմասերիանոց ֆիլմը, որովհետև յուրաքանչյուր սերիային հետևող անձ ընկնում էր մտատանջությունների մեջ… Ինչ-որ մեկն Աստծուց կարող է խնդրել 10 հազար դրամ, իսկ մյուսը՝ Նյու Յորքի կեսը: Այդ տարբերությունն է հետաքրքիր ցուցադրել: Իբրև հեռուստադիտող՝ սիրում եմ դիտել այնպիսի ֆիլմեր, երբ հնարավոր չէ գուշակել հետագա ընթացքը: Անսպասելի իրադարձությունն ապտակ է ֆիլմի կողմից: Հեռուստադիտողին հանկարծակիի բերելը պիտի պարտադիր լինի, որովհետև այդտեղ է հետաքրքրությունը»:
Երկու տարբեր ընտանիքների կողմից որդեգրման ենթակա քույր ու եղբոր ճակատագրին հեռուստադիտողը հաղորդակից կդառնա 11 տարի անց: Ռոմանին կմարմնավորի Գրիգոր Խաչատրյանը, իսկ Նարեի դերակատարը դեռևս անհայտ է: Այս ֆիլմի հաջողություններից մեկը, թերևս, ճանաչված դերասանների (Արտաշես Ալեքսանյան, Հովհաննես Բաբախանյան) մասնակցությունն է: Ինչպես հավաստիացնում է Դ. Գրիգորյանը, «Ճակատագրի գերիները-2008» բազմասերիանոց ֆիլմում դերասանական կազմը պահպանվելու է… Ավելին, ֆիլմ են «ներխուժելու» այլ դերասաններ՝ օրինակ, Գրիգոր Խաչատրյանը, Անժելա Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, Բորիս Պեպանյանը և այլք…
Ինչո՞ւ հենց «Ճակատագրի գերիները», մի՞թե Դ Գրիգորյանը ֆատալիստ է: «Ես ուզում էի այնպիսի խորագիր ընտրել, որը ներառեր բոլոր հերոսներին: Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ մենք բոլորս մեր ճակատագրի գերիներն ենք: Վերնագիր ընտրելիս նաև Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հետ քննարկեցինք, որովհետև հոգևոր աշխարհը ճակատագրին դեմ է: Նրանք ասում են՝ «նախախնամություն», բայց «Նախախնամության գերիները» չէր հնչում: Այստեղ սնահավատության մասին չէ խոսքը, այլ այն ճակատագրի և նախախնամության, որը գրված է մարդու ճակատին: Ճակատագիր ասվածը հենց նախախնամությունն է: Մտածել էինք անվանել նույնիսկ՝ «Կյանքի գերիները»:
Բոլորին հայտնի է, որ Դիանա Գրիգորյանը նաև «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք» հաղորդման հեղինակն է: Այն հարցին, թե արդյո՞ք «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքում» տեղ գտած իրական պատմություններն են հող նախապատրաստել այս սերիալի համար, Դիանան պատասխանեց. «Ոչ թե դրանից ծնվեց, այլ մեր ղեկավարությունն ասաց, որ իմ նկարահանած «Կյանքը հիասքանչ է», Լիլիթ Կարապետյանի և Մայքլ Քոթանջյանի հարսանիքը, նաև Էմմիի մասնակցությամբ «Ես պատրաստ եմ դիմակահանդեսին, իսկ դո՞ւ» մինի սերիալները բավականին մեծ աղմուկ են բարձրացնում, ու հանրությունը մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ է սպասում մեր խմբի հերթական աշխատանքին: Բայց յուրաքանչյուր տարի ինձ մոտ հայացք է փոխվում, ես հասկացա, որ ուզում եմ ավելի լուրջ բան անել»: Ընդամենը 25 տարեկան Դիանան 16 տարեկանից հեռուստատեսությունում է, ասում է, որ ունի նկրտումներ և միշտ հասնում է դրանց. «Իմ յուրաքանչյուր հաղորդում տարբերվում է նախորդ հանդիպումից: Ես երբեք չեմ սիրել կրկնվել՝ անընդհատ նորամուծություններ, փորձություններ, խաղեր, հետաքրքիր հյուրեր, հարցազրույցներ: 16 տարեկանում երբեք չէի մտածի, որ նույնիսկ կարող եմ երգի բառեր գրել, բայց հիմա գրում եմ ու չեմ վաճառում: Ես ինձ պոետ չեմ անվանում և գործով եմ սիրում ապացուցել որևէ բան: Ինձ համարում եմ հեղինակ-հաղորդավար, որովհետև հիմնականում հակված եմ հեղինակային նախագծերի կողմը: Ես 16 տարեկանում չեմ եղել աղմկալից դիսկոտեկներում և խրախճանքներում, այլ ստեղծագործել եմ, և այդ գիծն ինձ թույլ է տվել գրել բազմասերիանոց ֆիլմի սցենար: Այնքա՜ն հաճելի է հաճոյախոսություններ լսել այն մարդկանց շուրթերից, որոնք 35-40 տարի զբաղվում են այդ գործով»…
«Ճակատագրի գերիները» ֆիլմի արտադրության ընթացքում Դիանան հասցրել է նաև լույս աշխարհ բերել իր երկրորդ փոքրիկին: Տղայի անունը կնքել են ի պատիվ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Եվ անունն է եզակի ու չկրկնվող, և շատ սիրում եմ Շառլ Ազնավուրին: Իմ սցենարների մեծ մասը գրում եմ Ազնավուրի երաժշտության ներքո: Երեխան շատ է լսել Ազնավուրին և երևի արդեն ինքն էլ է սիրում նրան»,- ասում է Դիանան: Նա համոզված է, որ եթե կինը վարանում է ծննդաբերել հանուն իր կառուցվածքի, ապա `«Ես արդեն 2 զավակ ունեմ, և չեմ կարծում, որ իմ կառուցվածքին որևէ բան է եղել: Գիրանալուց խուսափողները ծույլ են, որովհետև խուսափում են նաև հաճախել սպորտի: Չեմ կարծում, որ նման մարդիկ լիարժեք ապրում են և կյանքից վերցնում են այն, ինչ կարող են: Կյանքը մեծ հնարավորություններ է տալիս, պետք է ագահի պես կառչել ու վերցնել: Ունեմ երկու երեխա, բայց զբաղվում եմ և՛ հաղորդաշարով, և՛ ֆիլմով: Ճիշտն ասած, բավականին խրթին է համատեղել և հաղորդաշարը, և ֆիլմը, բայց քանի որ պահանջը մեծ էր, համաձայնեցի գնալ հեռուստադիտողի ցանկությանն ընդառաջ և վերսկսել «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը»: Հաղորդման ժամանակ ավելի բարդ աշխատանք ենք կատարում, քան ֆիլմում, որովհետև, եթե ֆիլմում աշխատում ես դերասանի հետ, այստեղ գործ ունես հայ ընտանիքի, սովորական մարդկանց հետ, որոնց համար այդքան էլ հեշտ չէ տեսախցիկի առաջ վերարտադրել իրենց սիրո պատմությունը»,- ասում է Դիանա Գրիգորյանը:
Նաիրա Մարտիրոսյան
«3 Միլիոն»