Քայլքն առավել առողջարար դարձնելու հիմունքները. ինչպե՞ս կազմակերպել զբոսանքն՝ առողջ լինելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քայլքն առավել առողջարար դարձնելու հիմունքները. ինչպե՞ս կազմակերպել զբոսանքն՝ առողջ լինելու համար

Անդադար տանը նստելը կամ միայն մեքենայով տեղաշարժվելը շուտով դառնում են հարմար-ծույլ սովորություն ու աննկատ վնասում մեր առողջությանը, թունավորում մեր կյանքը:

Առողջությունը պահպանելու և ամրապնդելու համար հարկավոր է չբացառել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է լինել տարբեր՝ լող, վազք, պար և այլն, ըստ նախասիրության, տարիքի, սեռի, հնարավորությունների: Թվարկված-չթվարկվածներից շատերը կարող են ոմանց վնասել օգնելու փոխարեն, բայց կա մեկը, որ օգտակար ու հասու է բոլորին անկախ տարիքից, առողջական ու ֆինանսական վիճակից՝ քայլք:

Իմ այցելուների ու ընկերների համար սա, կարծում եմ, հայտնագործություն չէ, իմ էջում նույնպես անդրադարձել եմ այս հարցին բայց ուզում եմ, որ ընթերցողներն ավելի հստակ պատկերացնեն, թե ի՞նչ է հնարավոր ստանալ այս, առաջին հայացքից սովորական թվացող ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Քայլելու օգուտներ և խորհուրդներ

Քայլելն, առաջին հերթին, լավ է լարվածությունը հանելու համար: Հետաքրքիր է, չէ՞, որ հաճախ մարդիկ բնազդաբար սկսում են սենյակում այս ու այն կողմ քայլել, երբ մի փոքր նյարդայնացած են լինում: Միայն թե անհրաժեշտ է ոչ թե սենյակում, այլ մաքուր օդին կազմակերպել քայլելը, որը կօգնի ազատվել նեգատիվից ու լիցքավորվել դրական էներգիայով:

Քայլելը օգնում է, բարձրացնել տրամադրությունը և սա տեղի է ունենում նրա շնորհիվ, որ քայլելու ընթացքում օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոն՝ էնդորֆին, իսկ եթե քայլելու ընթացքում նաև արեգակն է բարեհաճ, երջանկության հորմոնը կկրկնապատկվի:

Քայլելը բարելավում է սրտի աշխատանքը, բարձրացնում է լավ խոլեստերոլի մակարդակը և հակառակը իջեցնում վատ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ցածր է պահում արյան ճնշումը:

Պակաս էական չէ նաև այն փաստը, որ օրական նույնիսկ 45 րոպեանոց մի փոքր արագ քայլքը կօգնի ճարպերն այրելու գործընթացին: Միայն թե քայլել, անհրաժեշտ է մեքենաների հոսքից հեռու՝ մաքուր օդին, հարմարավետ սպորտային զգեստ և կոշիկ հագած:

Քայլելու ընթացքում բթանում է նաև սննդի հանդեպ ունեցած կախվածությունը՝ շոկոլադի, քաղցրեղենի հանդեպ անկառավարելի կիրքը, որը նույնպես կարևոր է:

Քայլելու ընթացքում, ինչպես նաև հետո մի մոռացեք շատ ջուր օգտագործել:

Որպեսզի ռեալ հասկանաք, թե որքան եք քայլել, զինվեք քայլաչափով, որը հիմա ավելի քան հասանելի է, քանի որ կա և I Phone –Nերում և Android – ներում: 10 000 քայլը դրեք օրվա քայլերի նպատակը ր հասեք այս արդյունքին, եթե միանգամից չի ստացվում, կստացվի հետզհետե: Օրական կարելի է ավելացնել նախորդ օրվա արդյունքը:

Հաճելի քայլընկերոջ շնորհիվ քայլելն ավելի արդյունավետ կարող է լինել: Ընկեր կարող է դառնալ, ոչ միայն որևէ անձ, այլև՝ սիրելի և խթանող երաժշտությունը, լավ եղանակը, իսկ եթե հարմար եք գտնում միայնակ քայլելը, լավ առիթ է ու պատեհ ժամ մտքերի մաքրմամբ ու զտմամբ զբաղվու համար:

Վարդանուշ Պետրոսյան

Սննդաբան