Անահիտ Ադամյանը «Մանկական Նոր ալիք-2017»-ի հաղթանակի ու մեծ երազանքի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անահիտ Ադամյանը «Մանկական Նոր ալիք-2017»-ի հաղթանակի ու մեծ երազանքի մասին. life.tert.am

Ղրիմում կայացած «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները` Անահիտ Ադամյանն ու Արինա Պետրովան։ Ինչպես գիտենք, Հայաստանը ներկայացնող 13-ամյա Անահիտ Ադամյանն Աշոտ Ղազարյանի թոռնուհին է։ Tert.am Lifeը կապ է հաստատել Անահիտի հետ։

Վերջինս պատմեց իր զգացողությունների մասին։ «Բառերով չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի, երբ հաղթեցի։ Շատերն են հարցնում` հաղթանակը սպասվա՞ծ էր ինձ համար, թե՞ ոչ։ Հստակ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Քանի որ և՛ սպասում էի, և՛ ոչ։  Հուզմունք կար, բայց միայն բեմ բարձրանալուց առաջ և ելույթիցս հետո։ Կատարման ժամանակ շատ ուրախ եմ եղել և չէի մտածում հուզմունքի մասին»,- ասաց Անահիտը։

Երգչուհին նշեց, որ այդ օրերին իր ծնողները, պապիկն ու տատիկը անընդհատ խորհուրդներ էին տալիս։ «Ծնողներս միշտ ասում էին, որ չվախենամ և մտածեմ, որ ինքս ինձ համար եմ երգում։ Իսկ պապիկս ասում էր, որ համարձակ բարձրանամ բեմ, ազատ լինեմ ու միշտ ժպտամ։ Նա խորհուրդ էր տալիս, որ ուշադիր լինեմ երաժշտության ու ձայնիս վրա»,- նշեց Անահիտը։

Մրցույթին Անահիտը ներկայացել է Սթիվի Ուանդերի Don՛t You Worry About a Thing և Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգերով։ «ՊռեԳոմեշի»  ընտրությունն Անահիտինն է եղել, իսկ Don՛t You Worry About a Thing-ը` կազմակերպիչներինը։ «Շատ եմ սիրում Սիրուշոյի այդ երգը։ Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այդ երգն ընտրել։ Բայց երգը մի քիչ փոփոխել ենք, որ  մրցույթային ձևաչափին ավելի մոտ լինի»,– հավելեց երգչուհին։

Նրա խոսքով` մրցույթի մասնակիցներից հավանել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի և Բելառուսի ներկայացուցիչ Դանիելի կատարումները։ «Կարծում եմ Դանիելը մեծ հնարավորություն ուներ հաղթելու, քանի որ շատ լավ էր երգում։ Ինձ դուր է եղել նրա կատարումները»,- ավելացրեց Անահիտը։

13-ամյա Անահիտը մեկ ցանկություն ունի` դառնալ ճանաչված երգչուհի։

Ի դեպ, նա հունիսի 6–ին վերադառնում է Երևան։ «Շատ եմ կարոտել Երևանը, պապիկիս ու տատիկներիս»,- եզրափակեց Անահիտը։